Պենտագոն. Սիրիայում ոչնչացվել է ԻԼԻՊ-ի առանցքային ղեկավարներից մեկը
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտնել է, որ մեկ ամիս առաջ Սիրիայում միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ղեկավարներից մեկը ` Տարիկ բին Ալ-Թահար բին Ալ-Ֆալիհ Ալ-Աունի Ալ-Հարզին:
Ինչպես հայտնում է BBC-ն, իսլամիստների ղեկավարը Իրաքում մահաբեր պայթյունների համակարգման և Լիբիայից Սիրիա զենք տեղափոխման պատասխանատուն էր: Բացի այդ, նա գրոհայիններ էր հավաքագրում Դանիայից, Ալբանիայից և Մեծ Բրիտանիայից: Ալ-Հարզին սպանվել է հունիսի 16-ին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Շադադի քաղաքում:
«Նրա մահը կանդրադառնա օտարերկրացի ահաբեկիչներ հավաքագրելու, ԻԼԻՊ-ի տարածքով մարդկանց տեղաշարժն ապահովելու, Սիրիա-Իրաք սահմանով զենքեր տեղափոխելու վրա»,-ասվում է Դևիսի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն 3 մլն դոլար պարգևավճար էր խոստացել Ալ-Հարզիի գլխի համար: ԻԼԻՊ-ը դեռ չի հաստատել նրա մահվան լուրը: