Հունաստանի տնտեսական խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում. Արտակ Զաքարյան
Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Եվրոպական Միությունը իրականում բարդ խնդրի առաջ է կանգնում: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեն:
Հիշեցնենք` հանրաքվեի արդյունքներով, հույների 61, 31%-ը դեմ է քվեարկել վարկատուների` Արժույթի միջազային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական հանձնաժողովի առաջարկած պահանջներին:
Նրա խոսքով, եվրոպական կառույցները երկար ժամանակ Հունաստանին աջակցելու խնդիրը կարևորել են, իսկ ներկայացված առաջարկներն էլ, փաստորեն, հույն ժողովուրդը չընդունեց:
«Կարծում եմ, որ խնդիրը պետք է գնահատել այսպես` եվրոզոնայի ճակատագիրը և միասնական քաղաքականությունը որքանով հնարավոր կլինի շարունակել այս պարագայում: Հունաստանի տնտեսական ճգնաժամը կարող է խորանալ, ինչը, սակայն, առանց քաղաքական հետևանքների չի կարող մնալ: Ֆինանսատնտեսական առումով Եվրոպական Միության համար նոր փորձություն է սկսվել: Պետք է դրան նաև քաղաքական լուծումներ տրվեն», հավելեց պատգամավորը:
Նա, սակայն, դժվարացավ կանխատեսումներ անել, պատճառաբանելով, թե ստեղծված իրավիճակը մի քանի գործոններով է պայմանավորված և պնդեց, որ տնտեսական ծանր վիճակը քաղաքական լուծումներ է պահանջում:
Հարցին, թե այնուամենայնիվ, հնաարվոր է` դեպքերն այնպես դասավորվեն, որ Հունաստանը դուրս գա Եվրոպական Միությունից, Զաքարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այդ երկիրը դուրս կգա ԵՄ կազմից, դա բոլորովին այլ գործընթաց է: Չեմ կարծում, որ գործը դրան կհասնի. Խնդիրը տնտեսական է, բայց պետք է քաղաքական որոշումներ կայացվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում