Հունաստանը փոխզիջում է փնտրում
«Gazeta.ru»-ն գրում է, որ «Standard & Poor’s» ռեյտինգային գործակալության վերլուծաբանների կարծիքով`Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը լուրջ հարված կհասցնի երկրի տնտեսությանն ու բանկային համակարգին: Այնուամենայնիվ, անգամ ստեղծված իրավիճակում վերլուծաբանները լավատեսության համար առնվազն 2 հիմք են տեսնում. նախ հանրաքվեի արդյունքները հստակորեն ցույց տվեցին Հունաստանի դիրքոշումը ԵՄ-ի հետ բանակցություններում, ապա` էկոնոմիկայի նախարարի հրաժարականը կարող է խթան հանդիսանալ վարկավորողների հետ ավելի արագ փոխզիջում գտնելու համար:
Հուլիսի վերջին «S&P» գործակալությունը նվազեցրել էր Հունաստանին ազգային արժույթով և արտարժույթով տրամադրվող երկարաժամկետ վարկերի վարկանիշը: Ներկա պահին եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը գործակալության կողմից գնահատվում է 50%:
Ըստ պարբերականի`Հունաստանում կայացած հանրաքվեի արդյունքները մեծ հաշվով անակնկալ էին արժութային շուկաների համար: Շատերը ակնկալում էին, որ շաբաթներ տևած «բանկային արձակուրդից» հետո, երբ հույները զրկվել էին իրենց ֆինանսական միջոցները ազատորեն տնօրինելու հնարավորությունից, կողմ կքվեարկեին վարկատուների առաջարկած ծրագրային փաթեթին, սակայն նրանք պաշտպանեցին Հունաստանի կառավարությանը`դրանով իսկ ամրապնդելով նրա դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ:
Հունաստանի էկոնոմիկայի նախարար Յանիս Վարուֆակիսի հրաժարականը մեկնաբանվում է որպես դրական քայլ` վարկատուների հետ շուտափույթ փոխհամաձայնության գալու համար:
«Դա լավ նորություն է: Վաղուց ակնհայտ էր դարձել, որ Յանիս Վերուֆակիսը այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել բանակցություններում: Միաժամանակ նա չէր շտապում թողնել իր պաշտոնը`այդ ժամանակահատվածում հաջողացնելով վերջնականապես իր դեմ տրամադրել «եռյակին»: Եթե նա ամեն դեպքում պահպաներ իր պաշտոնը, ապա բանակցային գործընթացը հաստատ փակուղում կհայտնվեր»,-«Gazeta.ru»-ի հետ զրույցում հայտնել է «Sberbank Investment Research»-ի ստրատեգ Վլադիմիր Պանտյուշինը: