Ասադը հանդիպել է իրաքցի դիվանագետների հետ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ հանդիպել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ ալ-Ֆայյադի և Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Հայդեր ալ-Աբադի հետ: Այս մասին հաղորդում է սիրիական «Sana» գործակալությունը:
Բանակցությունների ընթացքում ընդգծվել է այն տեսակետը, որ թե՛ Սիրիան և թե՛ Իրաքը միևնույն պատերազմն են մղում` ընդդեմ ահաբեկչության և դրա կողմնակիցների: Նշվել է, որ Իրաքի և Սիրիայի ղեկավարությունները վճռականությամբ լի են` շարունակելու պայքարը, քանի դեռ երկու երկրները վերջնականապես չեն ազատագրվել ահաբեկիչներից:
Բանակցությունները վերաբերել են տարածաշրջանում, մասնավորապես` Իրաքում և Սիրիայում առկա ծայրահեղ իրավիճակին, որն առաջացել է ահաբեկիչների կողմից հրահրված պատերազմի հետևանքով: Կողմերը խոսել են երկու երկրների գործողությունների համաձայնեցման և փոխպայմանավորման անհրաժեշտության մասին` ահաբեկչության դեմ միասին պայքարելու անհրաժեշտությունից նելնելով:
Կողմերը համաձայնել են, որ Իրաքում կամ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում ցանկացած հաջողություն կամ առաջընթաց դրականորեն է անդրադառնում մյուս երկրում ահաբեկիչներին չեզոքացնելու գործընթացի վրա:
Կողմերը նաև ընդգծել են, որ ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ամբողջովին կոլեկտիվ ջանքեր, որոնք պարտադիր են տարածաշրջանային կամ միջազգային մակարդակում հաջողության հասնելու համար:
Քննարկմանը մասնակցել է նաև Իրաքում Սիրիայի դեսպան Սաթամ Ջադա’ան ալ-Դանդալը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում