«Basler Zeitung». Ինչպես են հակառուսական սանկցիաները ազդում Եվրոպայի վրա
Էմբարգոն զենք է, որը հավասարապես վնաս է հասցնում երկու կողմին` այն կիրառողներին և նրանց, ում դեմ այն կիրառվում է: Անդրադառնալով ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներին` գրում է «Basler Zeitung» պարբերականը:
«Գերմանիայից ստացված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստան կատարվող գերմանական արտահանումը, այս տարվա հունվարից սկսած, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 34 տոկոսով: Ներկրող կարևորագույն երկրների շարքում Գերմանիայի համար Ռուսաստանը հայտնվել է 13-րդ տեղում` նախկին 11-րդի փոխարեն»,- գրում է պարբերականը:
Շարունակելով` հավելում է, որ հակառուսական սանկցիաները ազդել են նաև Ֆրանսիայի և Իտալիայի տնտեսությունների վրա` այդ երկրներից Ռուսաստան կատարվող ներկրումը կրճատելով շուրջ երեք անգամ:
Պարբերականն այս ամենի համատեքստում ցույց է տալիս, թե ինչպես է եվրոպական երկրներից, օրինակ, Շվեյցարիային հաջողվել խուսափել սանկցիաների ազդեցությունից: Աղբյուրի փոխանցմամբ` այդ երկիրը փոխադարձ պատժամիջոցների գործընթացում շահեկան դիրքում է հայտնվել, քանի որ չէր միացել հակառուսական էմբարգոյին:
Արդյունքում, ըստ պարբերականի, ի տարբերություն գերմանական ընկերությունների, շվեյցարականները ավելի քիչ վնասներ են կրել, իսկ Շվեյցարիայից Ռուսաստան կատարվող արտահանման ծավալներն էլ բարելավվել են: Այդուհանդերձ, ընդհանուր էմբարգոյի ռեժիմը ազդում է նաև շվեյցարական ապրանքների վրա, քանի որ ֆրանկի և ռուբլու փոխարժեքների հսկայական տարբերության արդյունքում ապրանք արտադրողները վնասով են աշխատում: