Վերահսկողություն ԱՊՀ երկրների սահմաններին
ԱՊՀ անդամ երկրների սահմաններին նախատեսվում է սահմանել մշտական վերահսկողություն այն անձանց տեղաշարժի նկատմամբ, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու մեջ: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:
Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը մատնանշել է հատկապես «Իսլամական պետության» կողմից սպառնացող վտանգի աճը, ինչը վերջին շրջանում դրսևորվել է Մերձավոր Արևելքի երկրներում իրականացված ահաբեկչական մի շարք գործողություններով:
Նովիկովն ընդգծել է, որ «Իսլամական պետությունը» հավակնում է իր ազդեցությունը տարածել ԱՊՀ անդամ հարավկովկասյան, կենտրոնասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջանների վրա:
«ԱՊՀ-ում ԻԼԻՊ-ի տարածքային հավակնությունները տարածվում են Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ՌԴ սուբյեկտների վրա, որոնք ընդգրկված են Հարավային, Հյուսիսկովկասյան և Ղրիմի դաշնային օկրուգներում»,-ընդգծել է Նովիկովը:
Ըստ գեներալ-գնդապետի` ԻԼԻՊ-ի գործակալները ձգտում են մուտք գործել ԱՊՀ երկրների համալսարաններ, և խնդիր է դրված խոչընդոտել նման իրադարձությունների զարգացմանը: