Deutsche Welle. «ԵԱՀԿ-ն 40 տարեկան է. առաքելությունն անիրագործելի՞ է»
Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հիմնադրման 40-ամյակին և ամփոփել է անցած չորս տասնամյակի ընթացքում կազմակերպության ունեցած ներդրումը միջազգային հարաբերություններում:
Պարբերականը նկատել է, որ ներկայումս ԵԱՀԿ-ին համարում են «թղթե վագր» և մեծ նշանակություն չեն տալիս նրան: Այժմ կառույցը զբաղված է հիմնականում երկու գործով: Նախ ԵԱՀԿ շրջանակներում գործում է Մինսկի միջնորդ խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, և երկրորդը` ԵԱՀԿ-ն Ուկրաինայում ընթացող հակամարտության ընթացքում զբաղվում է դիտորդական առաքելությամբ և կազմակերպության մանդատով հարյուրավոր դիտորդներ և լրագրողներ գտնվում են Ուկրաինայի արևելքում:
Ներկայացնելով կազմակերպության ձևավորման ընթացքը` պարբերականը նկատում է, որ ներկայումս ԵԱՀԿ-ի ներսում խորանում է պառակտվածությունը, որը նախ և առաջ ընթանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Մոսկվան կազմակերպությանը մարդու իրավունքների հարցերում մեղադրում է «երկակաի ստանդարտներ» կիրառելու և ներքին գործերին միջամտելու մեջ:
Անդրադառնալով միջազգային հարաբերություններում անվտանգության ապահովման մեջ կազմակերպության ունեցած ներդրումներին` պարբերականը գրում է. «Նախկին խորհրդային հանրապետություններում անվտանգության հարցերով ԵԱՀԿ գործունեության արդյունքները նույնպես համեստ տեսք ունեն: Կազմակերպությունը ոչ միայն չի կարողացել լուծել սառեցված հակամարտությունները, ինչպես օրինակ` Լեռնային Ղարաբաղինը, այլև չի կարողացել կանխել նորերը, ինչպես դա եղավ 2008թ-ին Վրաստանում»:
Պարբերականը նկատում է, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ լուծել այն գլխավոր խնդիրը, որի համար ստեղծվել էր` կանխել նոր սառը պատերազմը: Ըստ հրապարակման` Ռուսաստանը և Արևմուտքը կանգնած են նոր սառը պատերազմի սկսելու շեմին, իսկ դրա դեմ ԵԱՀԿ-ն ոչ մի իրական լծակներ չունի:
Բացի այդ` 40-ամյակի նախօրեին ԵԱՀԿ-ն բախվեց նոր քաղաքական սկանդալի: ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին և ևս հինգ ռուս պաշտոնյաներին արգելեցին մուտք գործել Ֆինլանդիա, որտեղ նրանք պատրաստվում էին մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին:
Պարբերականը նաև նկատում է, որ 2016թ-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելու է Գերմանիան, և վերջինս փորձ է կատարելու վերականգնել Մոսկվայի հետ երկխոսությունը, չնայած որ` հաջողությունը երաշխավորված չէ: