Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ղեկավարը` ԱԳՆ-ում
Տանյա Ռադոչային այսօր ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում, նշել, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Իր հերթին տիկին Ռադոչայը շնորհակալություն է հայտնելով ընդունելության և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գործունեության բարձր գնահատականի համար: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, «ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը և նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը»։
Վերահաստատելով Հայաստանի ԱԳՆ-ի` համագործակցության պատրաստակամությունը, նախարարը խոստացել է ամենայն աջակցություն ցուցաբերել Տանյա Ռադոչային իր գործունեության ընթացքում:
Ըստ աղբյուրի` մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։