Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին. Քննարկումը բավականին բովանդակային էր
Քննարկումը բավականին բովանդակային էր ու հաջող: Այս մասին հայտարարեց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն իր կուսակիցների հետ երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
«Մենք ներկայացրինք մեր բոլոր մտահոգությունները, շատ հարցերի վերաբերյալ բավականին համոզիչ բացատրություններ ստացանք, բայց դեռ քննարկումների փուլ է, երբ լինի նախագծի վերջնական տեսքը, մեր ներկայացրած մտահոգությունների գոնե մի մասը կփարատվի, արդեն մենք կկողմնորոշվենք»,-ասաց Լ. Սարգսյանը:
Լ. Սարգսյանը նշեց, որ հանդիպումն այնքան էլ հեշտ չի եղել, քանի որ ինքը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական հակառակորդ է եղել:
Հարցին, թե այլևս նրանք քաղաքական հակառակորդներ չե՞ն, Լ. Սարգսյանն ասաց. «Սերժ Սարգսյանը երկրի նախագահն է, մեր կուսակցությունը լինելով ընդդիմություն, պետք է բարձրաձայնենք այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում, և եթե հնարավորություն ունենք ներազդելու իշխանության վրա, պետք է ներազդենք»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի՝ նախագահի հետ չհանդիպելու որոշմանն ու դրանից բխող ՀԱԿ խմբակցության անդամ հանդիսացող Լյուդմիլա Սարգսյանի հնարավոր քայլերին, ապա տիկին Սարգսյանն ասաց՝ արդեն հայտարարել է, որ ինքը մանդատը վաստակել է. «Այն ինձ չի նվիրվել, ու ես այդ մանդատը վայր չեմ դնելու, ինչ վերաբերում է խմբակցությունից դուրս գալուն, բնականաբար ես դուրս չեմ գալու: ՀԱԿ կուսակցության հետ մենք պայմանագիր չունենք, որ միշտ պետք է համակարծիք լինենք նրանց հետ: Եթե նախագիծը դրված է քննարկման, մենք անտարբեր մնալ չենք կարող, քննարկումը, ես կարծում եմ, բավականին արդյունավետ էր»:
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահը հանդիպել է ՕԵԿ ներկայացուցիչներին
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ
ԲՀԿ-ականները գոհ են երկրի ղեկավարի հետ հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում