Աշխարհը սպասում է Սի Ցզինպին-Օբամա հանդիպման արդյունքներին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերին առաջին անգամ պետական այցով մեկնելու է Սպիտակ տուն: Հանդիպումը բարդ կլինի երկու կողմերի համար էլ՝ հատկապես «սև երկուշաբթիի» և այս երկու պետությունների միջև առկա տարաձայնությունների ֆոնին: Այս մասին գրում է ամերիկյան Foreign Policy պարբերականը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնստը հայտնել էր, որ Չինաստանում ֆոնդային ինդեքսների անկումն ունի նաև քաղաքական բաղադրիչ, քանի որ Պեկինը «արհեստականորեն շահարկում է չինական տնտեսությունը»:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (Center for Strategic and International Studies) Չինաստանի գծով փորձագետ Սքոթ Քենեդիի կարծիքով, հարաբերություններն այս երկու պետությունների միջև այժմ այնքան էլ ամուր հիմքերի վրա չեն: Վաշինգտոնի համար այս այցն այնքան էլ ուրախալի չէ: Հանդիպումը կլինի «քաղցր»՝ առանց կալորիաների և սննդային արժեքի կամ էլ այն աղետալի հետևանքներ կունենա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն և ԱՄՀ-ն երկար ժամանակ փորձում էին համոզել Չինաստանին թույլ տալ շուկայական մեխանիզմներին որոշելու յուանի և արժեթղթերի արժեքը բորսաներում:
Պեկինի համար մեկ այլ խնդիր է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նիստը, որը նախատեսվում է հոկտեմբերի 9-ին: Այնտեղ կողմերը քննարկելու են Չինաստանի համար կարևոր հարցերից մեկը՝ յուանի ներառումը «փոխառության հատուկ իրավունքով» արժույթների զամբյուղում: ԱՄՀ-ն վաղուց պնդում է, որ այդ որոշումը կլինի դրական, միայն այն դեպքում, երբ Չինաստանն անցնի լողացող փոխարժեքի քաղաքականության:
Այժմ ԱՄՆ-ն և Արժույթի միջազգային հիմնադրամը Պեկինին կանգնեցրել են դժվարին ընտրության առաջ. կամ Չինաստանն անում է այն ինչ նրանք պահանջում են՝ յուանը ստանում է պահուստային արժույթի կարգավիճակ՝ վտանգելով տնտեսական կայունությունը, կամ էլ նրանք շարունակում են ինտերվենցիաները՝ փորձելով կանգնեցնել անկումը:
«Թերևս Սին ընտրում է երկրորդ տարբերակը», - գրում է պարբերականը: