«The Guardian». «Սիրիացի խեղդված երեխայի նկարը ի ցույց է դնում միգրանտների սարսափելի վիճակը»
Եվրոպայի ափերին տեղի ունեցող մարդկային ողբերգության սարսափը ամբողջական դարձավ չորեքշաբթի օրը այն բանից հետո, երբ տարածվեցին սիրիացի մահացած երեխայի լուսանկարները: Անդրադառնալով սիրիացի փախստականների վիճակին` գրում է «The Guardian»-ը:
Պարբերականի փոխանցմամբ` փոքրիկը մեկն էր այն 12 հոգուց, ովքեր, Սիրիայից փախչելով, փորձել էին հասնել հունական Կոս կղզի: Մյուս կողմից էլ, պարբերականի դիտարկմամբ, այս ամենը ակնհայտ է դարձնում այն սարսափելի ռիսկերը, որոնց ենթարկվում են սիրիացի փախստականները:
Հղում անելով թուրքական լրատվամիջոցներին` պարբերականը գրում է, որ մահացած փոքրիկը Սիրիայի Քոբանի քաղաքի երեքամյա բնակիչն էր, ում հնգամյա եղբայրը, նույնպես ըստ մամուլի հրապարակումների, նման դաժան մահով է մահացել:
Հունաստանի իշխանությունները ևս հաստատել են երեխայի սիրիացի լինելու հանգամանքը` նշելով, որ երեխան և շատ ուրիշներ եղել են Իսլամական պետության ճիրաններից խույս տված սիրիացիներ: Պարբերականը նշում է, որ հունական Կոս կղզին դարձել է փախստականների համար մի յուրօրինակ մագնիս, որտեղից նրանք դեպի Արևմուտք տեղափոխվելու ելքեր են փորձում գտնել:
«Կղզում տիրող իրավիճակը ավելի քան դրամատիկ է` պայմանավորված չդադարող միգրանտների հոսքերով, կացարանների բացակայությամբ և նունիսկ հիգիենայի կանոնների բացակայությամբ»,- պարբերականը մեջբերում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության խոսնակի խոսքը:
Պարբերականը նկատում է, որ ընդհանուր հաշվով փոքրիկը մեկն է այն 2500 հոգի փախստականներից, որոնք մահացել են այս տարի ամռանը` փորձելով հատել Միջերկրականի ափերը` Եվրոպա հասնելու համար:
Պարբերականը անդրադառնում է նաև այս օրերին եվրոպական տարբեր երկրների միջև ի հայտ եկած տարաձայնություններին` միգրանտներին ընդունելու և տեղաբաշխելու հետ կապված: