Կայուն մեծամասնության սկզբունքը ստիպում է իշխող ուժին լինել առավելագույնս փոխզիջող. Կարեն Ավագյան
Նոր Սահմանադրության նախագծով ամրապնդվում է կուսակցությունների դերը` սահմանափակելով քաղաքական երազանքներ ու ամբիցիաներ ունեցող անձանց արկածախնդրությունը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած Սահմանադրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
«Նոր փաստաթղթով հիմք է դրվում կուսակցությունների, քաղաքական դաշտի առողջացման: Քաղաքականությունը միայն գաղափարական ուժերի գործունեության ոլորտ է, իսկ տարատեսակ գաստրոլյորները թող իրենց նկրտումները բավարարեն սեփական երազներում»,-հայտարարեց Կարեն Ավագյանը:
Նրա խոսքով, Նախագծով բարդացվում է միևնույն քաղաքական ուժի «անվերապահ ընտրությունը» համամասնական ընտրակարգի ներառման արդյունքում:
Ավագյանի ներկայացմամբ, «կայուն մեծամասնություն» եզրույթը ամենևին էլ կապ չունի որևէ քաղաքական ուժի մենիշխանության հետ: Ավելին, իշխանական պատգամավորի ներկայացմամբ, այդ դրույթը իշխող ուժին ստիպում է լինել առավելագույնս փոխզիջող ու համագործակցել փոքրամասնության հետ:
«Մենք կարևորում ենք քաղաքական փոքրամասնության իրավունքները` որպես հակակշիռ: Սահմանադրական բարեփոխումները լավագույնս լուծում են հակակշիռների խնդիրը», -եզրափակեց պատգամավորը: