Մասնագիտական քննարկումների արդյունքում Նախագծին դեմ եղողները կփոխեն իրենց կարծիքը. Արծվիկ Մինասյան
Կարևոր է, որ բոլորս ոչ թե մերժենք, այլ փորձենք գտնել ընդհանուր եզրեր, ներկայացնենք առաջարկներ` երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար միասնական բանալի ունենալու համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Սահմաանդրության նախագծի վերաբերյալ լսումներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
«Առաջիկայում խորհրդարանում սպասվում է քննարկում սահմանադրական փոփոխությունների մասին և մենք այս առնչությամբ հանրությունից պետք է ստանանք ազդակներ, ուստի ճիշտ կլինի, որ հանրությանը ճիշտ ներկայացնենք Սահմանադրության նախագծում առկա ձևակերպումները»,– հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Նա ասաց, որ իր տպավորությամբ առանձին ելույթներում ավելորդ անգամ շեշտադրվում են «բաներ, որոնք չկան միջազգային իրավագիտության ավելին, միջազգային փորձում»: «Դա ճիշտ չէ, և պետք չէ խեղաթյուրել ամեն ինչ»,- հավելեց պատգամավորը։
ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այս նախագծով հիմք է դրվում Սահմանադրության մեկնաբանման ինստիտուտին, որը մինչ այժմ չի եղել: «Ինչպիսի որակի դատարան կունենանք, ինչ որակի պառլամենտ կունենանք, դրան համապատասխան կունենանք սահմանադրական նորմերի մեկնաբանություններ: Ներմուծվել է Սահմանադրական օրենքի ինստիտուտը, որը սկզբունքային նշանակության հարց է», -հավելեց դաշնակցական պատգամավորը` կարևորելով քաղաքացիական կազմակերպությունների կողմից արվող առաջարկները:
«Եթե մենք շատ ավելի մասնագիտական քննարկումներ ծավալենք, ապա միանշանակորեն նրանք, ովքեր առարկայորեն դեմ են այս նախագծին, այլ ոչ թե դեմ են զուտ նրա համար, որովհետև դեմ են իշխանություններին, անպայման կողմ կլինեն այս փոփոխություններին: Կոչ եմ անում՝ միասին կարողանանք այս փոփոխությունները արժևորել, բարեփոխման առաջարկներ ներկայացնել ու հարգանքով վերաբերվել պետական ինստիտուտներին», -հայտարարեց Մինասյանը` կրկնելով, որ Դաշնակցությունը կողմ է երկրում սահմանադրական բարեփոխումներին: