Շնորհակալ ենք` 2017-ին Հանրապետականի հաղթանակը կանխատեսելու համար. Շարմազանովը` Զուրաբյանին
Այսօր Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի մասին լսումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` 2017-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակը կանխատեսելու համար:
«Շնորհակալ ենք, որ որպես այս Ազգային ժողովում փոքրաքանակ ուժի ներկայացուցիչ ընդունում եք, որ 2017-ին պառլամենտական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը և նրա նախագահը հաղթելու են: Դուք արդեն նստել եք ու ասում եք` Սահմանադրությունը եթե անցավ, Սերժ Սարգսյանը լինելու է «գենսեկ» և ինքն էլ կառավարելու է: Շնորհակալ եմ, որ դուք ընդունում եք, որ Հանրապետական կուսակցության շանսերը 2017 թվականի ընտրություններում հաջողության հասնելու մեծ են: Բայց մենք ազատ մրցակցության կողմնակիցն ենք», -դիմելով Զուրաբյանին հայտարարեց Շարմազանովը:
Նշենք, որ Շարմազանովից առաջ իր ելույթում Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ներկայացվող Սահմանադրությունը ապահովում է գործող իշխանությունների վերարտադրությունը: Նրա խոսքով, նոր Սահմանադրությամբ «ապագա «գենսեկը»` ԱԺ նախագահը ունենալու է սահմանադրորեն երաշխավորված մեծամասնություն Ազգային ժողովում, ցանկացած պահին կկարողանա հեռացնել վարչապետին ու առաջադրել նոր թեկնածու»:
Հարակից հրապարակում`
Լևոն Զուրաբյանը` ապագա «գենսեկի» մասին