«Շանթ-2015» զորավարժության փորձը՝ անգնահատելի
Հայաստանում անցկացվող «Շանթ-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները կարող են անգնահատելի փորձ դառնալ` ՀԱՊԿ-ի շրջանակներում դրա հետագա կիրառության առումով: Այս մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որտեղ նման զորավարժություններ են իրականացվում: Ուստի զորավարժությունների փորձը կարող է անգին լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում հետագա կիրառության համար»,- նշել է ՀԱՊԿ ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 3-6-ը իրականացվող «Շանթ-2015» զորավարժության շրջանակներում խորհրդատուի և դիտորդի կարգավիճակով սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և միասնական շտաբի աշխատանքային խումբը: Այսօր նրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա են գտնվել պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության խաղարկմանը:
«Այն, ինչին մենք ականատես եղանք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում և նրա հարևանությամբ ծավալվող իրողություններին»,-հայտարարել են աշխատանքային խմբի ներկայացուցիչները: