Պողոսյանը` «կայուն մեծամասնության» և 2-րդ փուլով ընտրություններ անցկացնելու մասին
Այսօր ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ լսումների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ միանում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկին 2-րդ փուլով խորհրդարանական ընտրություններն անցկացնելու մասով և հետաքրքրվեց` «կայուն մեծամասնություն» և 2-րդ փուլով ընտրություններ անցկացնելու դրույթը հանվելո՞ւ է Սահմանադրության նախագծից, թե՞ ոչ:
Ի պատասխան Սահմանադրական բարեփոխումների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ խորհրդակցությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ խոսել են ու հարցի շուրջ եկել պայմանավորվածության. «Եթե կայուն պառլամենտական մեծամասնություն չի ձևավորվում բնականոն ճանապարհով` կոալիցիա կազմելով, ապա կարող է Ընտրական օրենսգիրքը նախատեսել ընտրությունների երկրորդ փուլ: Կարող է, դա չի նշանակում` պարտադիր է: Այս տեքստում դուք չեք տեսնելու փոփոխություն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի ներկայացուցչի ելույթից հետո չբաժանվի նախագծի նոր տեքստը»: