Բաշար Ասադ. ԻՊ-ի դեմ պայքարի ձախողումը կկործանի Մերձավոր Արևելքը
«Եթե Իսլամական պետության դեմ Ռուսաստանի ու Իրանի արշավը Սիրիայում ձախողվի, ապա դա կնշանակի Մերձավոր Արևելքի կործանում»,-այս մասին «The Guardian»-ի փոխանցմամբ, ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը` իրանական «Khabar TV» հեռուստաընկրությանը տված հարցազրույցում:
Ասադը, անդրադառնալով Իսլամական պետության դիրքերին արդեն 5 օր անընդմեջ ռուսական օդուժի կողմից հասցվող ավիահարվածներին` նշել է, որ այդ օպերացիան կարող է հաջողությամբ ավարտվել, քանի որ Ռուսաստանը վայելում է պաշտոնական Թեհրանի օգնությունն ու միջազգային հանրության աջակցությունը:
Ըստ Ասադի` ԱՄՆ-ն և նրա արևմտյան ու արաբական դաշնակիցները տանուլ են տվել Իսլամական պետության դեմ սեփական նախաձեռնած մեկամյա պայքարը, քանի որ «գողը չի կարող լինել ոստիկան և պաշտպանել քաղաքը գողերից»:
Ասադը նշել է, որ լավատեսության համար հիմքեր ունի, քանի որ «ահաբեկչությունը խրախուսող կառավարությունների վրա ճնշումը մեծացել է, ինչպես նաև Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել ստեղծելու կոալիցիա`ընդդեմ Իսլամական պետության, որի մեջ են մտնում Ռուսաստանը, Սիրիան, Իրանը և Իրաքը»:
Հիշեցնենք, որ հարցազրույցի ժամանակ Ասադը նաև հնարավոր է համարել իր հեռանալը սիրիայի նախագահի պաշտոնից, եթե դա կօգնի վերականգնել երկրում կայունությունն ու խաղաղությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ