Եգիպտոսն արժևորում է բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Փոխարտգործնախարար
Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամր Ալջովեյլիին։ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-եգիպտական ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և Հայաստանը շահագրգիռ է առավել խորացնելու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ:
Ըստ աղբյուրի, Ամր Ալջովեյլիին, փոխանցելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի ողջույններն ու բարեմաղթանքները, նշել է, որ իր երկիրն արժևորում է բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է առավել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու համար։ Նա կարևորել է եգիպատահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը իր երկրի զարգացման գործում։
Կողմերը քննարկել են հայ-եգիպտական համագործակցության զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը: