Տնտեսական քաղաքականությունը չի ձախողվել. Հովիկ Աբրահամյան
«Ես չեմ կարծում, որ որևէ բան ձախողվել է, մեր ծրագիրը փորձելու ենք իրականացնել: Իհարկե, աշխարհում ընթացող տնտեսական պատերազմն իր բացասական ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա, բայց մենք, մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անելու ենք, որ հաղթահարենք սա», - այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մեկնաբանելով հնչող քննադատությունները, թե տնտեսական քաղաքականությունը ձախողված է, վարչապետը հորդորեց չշտապել:
«Ես կարծում եմ, որ մենք չորրորդ եռամսյակում կունենանք ներմուծման և արտահանման ակտիվություն, և դա կբերի տնտեսության ակտիվությանը: Իսկ ռուբլիով գործարքը, որ ես հնչեցրել եմ, համարում եմ շատ ճիշտ: Դա վերաբերվում է էներգակիրներին, որ մենք գազի գինը վճարենք ռուբլիով: Այսքան շուտ պետք չէ պատասխան ակնկալել, բայց դա շատ ճիշտ գործընթաց է և հիմա քննարկման հարց է դարձել ԵՏՄ անդամ երկրների ձևաչափում: Որևէ մի կառավարության ղեկավար իրավունք չունի որևէ ծրագրի շուրջ ունենալով հիասթափություն, անվստահություն, փորձի այդ ծրագիրն իրականացնել: Ես այն ծրագրերի նկատմամբ, որոնք կառավարությունը պետք է իրականացնի, վստահ եմ: Իհարկե, կան խոչընդոտներ, խանգարող գործառույթներ, որը կախված չէ մեր կառավարությունից կամ աշխատանքից, բայց մենք փորձելու ենք ընթացքում հաղթահարել այդ խոչընդոտները»,-հայտարարեց վարչապետը: