Սփյուռքի հայ համայնքների գործունեությունը Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում (տեսանյութեր)
Panorama.am-ը զրուցել է Ֆրանսիայում, Կանադայում, Եգիպտոսում և Բելգիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ` այդ երկրներում հայ համայնքներում իրականացված միջոցառումների շուրջ:
Հիշեցնենք՝ Երևանում սեպտեմբերի վերջերին տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի ժամանակ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչնեը հանդես եկան զեկույցներով:
2015-ի հանձնախմբի անդամ և Փարիզի շրջանի կազմակերպիչ Հարութ Մարտիրոսյանը հաղորդեց, որ ընդհանուր առմամբ այս տարի հայ համայնքը մոտ 300 միջոցառում է իրականացրել Ֆրանսիայում: Նա հիշեցրեց, որ Ֆրանսիան` որպես ցեղասպանությունը ճանաչած երկիր, մասնակցել է ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողություններին ամենաբարձր մակարդակով:
Պարոն Մարտիրոսյանի խոսքով` ճանաչման փուլից հատուցման փուլն անցնելու համար անհրաժեշտ է, որ Ֆրանսիան իր դերակատարությունն ունենա Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հատուցումների տրամադրման հարցում` լինեն դրանք հողային, ֆինանսական, թե բարոյական:
Նա նաև հայտնեց, որ ֆրանսահայ համայնքը սկսում է նախապատրաստվել 2018թ.-ին` տարի, որը նվիրված է լինելու Հայաստանի առաջին հանրապետությանը: Այդ առիթով նախատեսվում է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կհամակարգի համապատասխան միջոցառումների իրականացումը Ֆրանսիայում, ինչպես նաև կուժեղացնի կապետը Հայաստանի և Ֆրանսիայի միջև:
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչ Անելկա Ասլանյանը նշեց, որ Բելգիայում բոլոր հայկական կազմակերպությունները համախմբված և միասնական էին գործում 100-ամյակի շրջանակներում: Իրականացված բազմաթիվ միջոցառումների արդյունքում բելգիացիներն ավելի լավ ծանոթացան հայկական մշակույթին և ինքնությանը, ինչպես նաև բարձրացավ Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ընդհանուր մակարդակը Բելգիայում: 2015թ-ին է՛լ ավելի ուժեղացան Հայաստան-սփյուռք կապերը:
Որպես դիվանագիտական կարևոր իրադարձություն Անելկա Ասլանյանը կարևորեց Բելգիայի խորհրդարանում հայանպաստ բանաձևի ընդունումը: Նրա խոսքերով այն հեշտ չէր անցկացնել, սակայն հայ համայնքի համատեղ ջանքերի արդյունքում բանաձևն ընդունվեց:
Որպես 2015-ին հաջորդող քայլ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչը կարևորեց Բելգիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմության ճիշտ դասավանդումը, որի ուղղությամբ հարկավոր է աշխատանքներ տանել:
Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը կարևորեց այն փաստը, որ Եգիպտոսի երկու խոշոր կուսակցություններ հանդես եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություններով:
Եգիպտոսի հայ համայնքը նաև կազմակերպեց Եգիպտոսից 55 քաղաքական գործիչների, լրագրողների, խմբագիրների և թղթակիցների այցը Հայաստան` հարյուրամյակի միջոցառումներին մասնակցելու համար:
Պարոն Մազլումյանը նշեց, որ համայնքը ներկայումս աշխատում է այն ուղղությամբ, որ Եգիպտոսի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Նա ասաց նաև, որ ադրբեջանական լոբբին հակահայկական քարոզչություն է իրականացնում Եգիպտոսում` հիմնականում Արցախյան հարցի շուրջ` ակտիվորեն տարածելով ադրբեջանական թեզերը: Մինչդեռ հայ համայնքը հավասարակշռում է այդ քարոզչությունը: Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք մինչև վերջերս ազդեցիկ էին Եգիպտոսում իրենց ունեցած ներդրումներով:
Կանադայի հարյուրամյակի հանձնախմբի ատենապետ Մհեր Կարակաշյանն ընդգծեց, որ այս տարի Կանադան վերահաստատեց և ամրագրեց Հայոց ցեղասպանության ճանաչումը: Կանադայի խորհրդարանի կողմից ապրիլի 24-ը միաձայն հայտարարվեց Հայոց ցեղասպանության հիշատակման օր, իսկ ապրիլի 21-28-ը հռչակվեց ցեղասպանությունների կանխարգելման շաբաթ ամբողջ Կանադայում: Բանաձևը կարևորվում է նրանով, որ այն պարունակում է 1895-1923թթ. Կանադայի պետական արխիվների ուսումնասիրությունների հրատարակումներ:
Ընդհանուր առմամբ հարյուրամյակի շրջանակներում աշխատանքներ են տարվել Կանադայի համալսարաններում, եղել են նոր հրատարակություններ, համերգներ, ցուցահանդեսներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:
Պարոն Կարակաշյանը կարևորեց նաև այն, որ Կանադայից ավելի քան 100 հայ է արդեն վերադարձել Հայաստան և որ վերադարձողների թիվն օրեցօր ավելանում է: Նա նաև նշեց, որ Կանադայի հայ համայնքը միասնական է Հայաստանի հանրապետության զարգացմանն աջակցելու հարցում: