Ֆրանսիացի պետնախարարը կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը
Այցելությունը լավ առիթ է երկկողմ հանդիպում անցկացնելու համար և քննարկելու հայ-ֆրանսիական առանձաշնորհյալ հարաբերություններին ու դրանց հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ հանդիպման ժամանակ, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախարար Դեզիրը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Երևանում տեղի ունեցող Ֆրանկոֆոն կարևարագույն միջոցառմանը ներկայացնել Ֆրանսիան։
Էդվարդ Նալբանդյանն ու Հարլեմ Դեզիրը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, բարձր գնահատեցին երկու երկրների միջև պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները, ապակենտրոնացված փոխգործակցությունը։
Հանդիպման օրակարգում է եղել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը և դրա նոր իրավական հենքի ստեղծման աշխատանքները։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Եվրոպական միության խորհուրդը կհաստատի ԵՄ բանակցային թիմի մանդատը և հնարավորություն կստեղծվի սկսել բանակցությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Ադրբեջանի սադրանքների հետևանքով Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության աճի հետևանքները։ Նախարար Դեզիրն, ընդգծելով, որ Ֆրանսիան շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ուղղված ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ