Լոնդոնը հերքել է Իրաքում ռուսական ինքնաթիռները խոցելու թույլատվության մասին լուրերը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե թագավորական ՌՕՈւ-ին թույլատվություն է տրվել հարձակում գործել Իրաքի օդային սահմանում թռչող ռուսական ինքնաթիռների վրա` նրանց կողմից սպառնալիքի ի հայտ գալու դեպքում: Deutsche Welle-ի փոխանցմամբ` գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ լուերրը չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ բրիտանական The Daily Star Sunday-ը, հղում կատարելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում իր անանուն աղբյուրին, հաղորդել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը թույլատվություն են ստացել խոցել Իրաքի օդային տարածքով թռչող ռուսական ինքնաթիռները, այն դեպքում, եթե դրանցից կյանքին սպառնացող վտանգ նկատվի: Պարբերականը նաև հաստատում էր, որ նման զարգացումները շատ հնարավոր են, քանի որ բրիտանական ՌՕՈւ-ն մասնակցում է Իրաքում «Իսլամական պետության» դեմ իրականացվող օպերացիային:
Այս հաղորդագրության տարածումից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը Մոսկվայում Մեծ Բիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին խնդրել էր մեկնաբանել տարածված լուրը: Բրիտանացի դիվանագետը հայտարարել էր, որ այդ թեմայի շուրջ չի տիրապետում տեղեկատվության և խոստացել էր մոտ ժամանակում ներկայացնել Լոնդոնի պաշտոնական մեկնաբանությունը: