The Washington Post. Սիրիան վերածվում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև «խամաճիկների պատերազմի» թատերաբեմի
Սիրիայի ապստամբներին մատակարարվող ամերիկյան հակատանկային հրթիռները անսպասելի ընթացք են հաղորդում Սիրիայում ռազմական գործողություններին` դրանք վերածելով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև «խամաճիկների պատերազմի», թեև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարում է, թե ցանկանում է ամեն գնով խուսափել նման հեռանկարից: Այս մասին գրել է «The Washington Post»-ը` անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրադրությանը, որտեղ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմադիր ապստամբ ուժերը Ռուսաստանից օժանդակություն ստացող կառավարական ուժերի դեմ կիրառում են ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռներ:
Ամերիկյան արտադրության «BGM-71 TOW» հրթիռները մատակարարվել են 2 տարվա վաղեմության գաղտնի ծրագրի ծրջանակներում, որը գործել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև`նպատակ ունենալով օժանդակել Սիրիայի ազատ բանակի զինված խմբավորումներին մարտնչելու ընդդեմ նախագահ Բաշար ալ-Ասադի:
Այժմ, երբ Ռուսաստանը մտել է պատերազմի մեջ` աջակցելով Ասադին, հրթիռները ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում, քան ի սկզբանե նախատեսված է եղել:
Չորեքշաբթի օրվանից սկսած, երբ սիրիական զորքերը սկսեցին հարձակողական գործողություններ` ռուսական ռազմաօդային ու ծովային ուժերի աջակցությամբ, տասնյակ տեսագրություններ հայտնվեցին յութուբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ապստամբները ամերիկյան արտադրության հրթիռներով կրակում ռուսական արտադրության տանկերի և զրահամեքենաների վրա, որոնք պատկանում են սիրիական բանակին: Զիգզագաձև թռիչքով պտտվող լուսագնդերի նմանվող հրթիռները տեսանյութում թռչում են այնքան, մինչև չեն հասնում իրենց թիրախին:
Ապստամբները պնդում են, որ ռազմական գործողությունների առաջին օրն իրենց հաջողվել է ոչնչացնել սիրիական բանակի 24 տանկ և զրահամեքենա:
«Դա տանկերի կոտորած էր»,-նշել է կապիտան Մուստաֆա Մոարատին, ում ռազմական խմբավորումը ոչնչացրել է 7 տանկ ու զրահամեքենա այդ օրը:
«Հրթիռների նոր խմբաքանակը ճանապարհին է, նոր մատակարարումները եղան ռուսների գալուց անմիջապես հետո,-նշել է Մոարատին:-Մեր դաշնակիցները խոստացել են նոր լրացուցիչ մատակարարումներ իրականացնել, այդ թվում`ամերիկյան «Stinger» զենիթային հրթիռներ, որոնք 1980-ականներին ստիպեցին ԽՍՀՄ-ին դուրս գալ Աֆղանստանից»:
«Սա «խամաճիկների պատերազմ է», որը սկսվել է տարերայնորեն»,-նշել է Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության իստիտուտի աշխատակից Ջեֆ Ուայթը, ով տիրապետում է մեկ օրում 15 տանկերի և զրահամեքենաների շարքից դուրս բերման մասին ինֆորմացիայի:
«Ապստամբները մեծ քանակությամբ «TOW» հրթիռներ ունեն իրենց արսենալում, իսկ ռեժիմը գործում է Ռուսաստանի աջակցությամբ: Ես չեմ կարծում, որ այս անուղղակի պատերազմը կանխամտածված է»,-հավելել է Ուայթը:
«Սա Օբամայի վարչակարգի առջև ծառացած լրջագույն խնդիր է, որ ծագել է Վլադիմիր Պուտինի` Ասադի ռեժիմին աջակցելու մասին որոշումից»,-նշվում է հոդվածում: