Գևորգ Դավթյան. «Ընկածին ձեռք են մեկնում և ոչ թե հարվածում»

20:22 06/02/2012 » Սպորտ

Գևորգ Դավթյան. «Ընկածին ձեռք են մեկնում և ոչ թե հարվածում»

Հայաստանի ծանրամարտի բազմակի չեմպիոն Գևորգ Դավթյանը վնասվածքից հետո բավական երկար ժամանակ է` տեսադաշտում չէ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանից Panorama.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ Գևորգ Դավթյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը չեն մասնակցում ուսումնամարզական հավաքներին, և որ նրանցից տեղեկություններ չկան: Ինչո՞ւ մեր առաջատար ծանրորդներն ընդգրկված չեն մարզվողների հիմնական խմբում: Հարց, որը զարմանալու և մտորելու առիթ է տալիս բոլորիս: Փորձեցինք պատասխան ստանալ հենց Գևորգ Դավթյանից: Նա շատ վրդովված էր իրենց նկատմամբ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անտարբեր վերաբերմունքից:

- Գևորգ, ինչպե՞ս ես:
- Փառք Աստծո, հիմա համեմատաբար լավ եմ ինձ զգում: Չէի ասի, որ լիովին ապաքինվել եմ, բայց արդեն սկսել եմ մարզումներս` թեթև ծրագրով:

- Իսկ ո՞վ է քո մարզիչը, եթե դու չես մարզվում հավաքականի հետ` Պողոս Պողոսյանի գլխավորությամբ:
- Մարզիչս եղբայրս է` Արմեն Դավթյանը: Իսկ թե ինչու չեմ մարզվում հավաքականի հետ, դա արդեն այլ հարց է, որն ունի մեկ հստակ պատասխան. ինձ չեն հրավիրել ուսումնամարզական հավաքների: Բոլորին է հայտնի, որ դա ֆեդերացիայի պարտականությունն է: Նրանք պետք է հետաքրքրվեն մեզանով, հրավիրեն հավաքների: 2 տարվա ընթացքում, երբ վնասվածք ստացա և չկարողացա հաջող հանդես գալ Եվրոպայի աշխարհի առաջնությունում, ոչ ոք գոնե մեկ անգամ չզանգահարեց` հետաքրքրվելու համար, թե ինչպես եմ: Ինձ նույնիսկ չեն հրավիրել տարեվերջյան տոնախմբություններին, որոնց գրեթե ամեն տարի մասնակցում էի: Նման անտարբեր վերաբերմունքն անսպասելի էր ինձ համար: Չէ՞ որ ընկածին ձեռք են մեկնում և ոչ թե հարվածում, որ ավելի ցած գլորվի:

- Դու պետք է բուժման մեկնեիր Գերմանիա, նույնիսկ այդ ժամանակ չեն հետաքրքրվե՞լ:
- Ոչ, չեն հետաքրքրվել: Ես մեկնել եմ Գերմանիա` բուժման նպատակով, սակայն դա մեծ ծախսերի հետ էր կապված, ուստի վերադարձել եմ:

- Փաստորեն, չես մասնակցում ուսումնամարզական հավաքներին, խոսակցությունների համաձայն` հեռացվել ես հավաքականից, իսկ առջևում մենք 2 կարևոր մրցաշար ունենք: Մասնակցելու մտադրություն չունե՞ս:
- Դեռ պարզ չէ: Եթե անգամ մասնակցեմ էլ, արդեն որպես մարզիչ կներկայացնեմ եղբորս: Իսկ ինչ նշանակում է հավաքականից իմ հեռացվելու վերաբերյալ խոսակցություններին, ապա կասեմ, որ դա պաշտոն չէ, որ հեռացնեն կամ չհեռացնեն: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցել Հայաստանի ծանրամարտի առաջնությանը, որի ընթացքում բարձր արդյունքներ արձանագրելու դեպքում ավտոմատ կերպով ընդգրկվում է հավաքականի կազմում: Այնպես որ, ոչ ոք նման արտահայտություններ անելու իրավունք չունի: Կրկնում եմ` դա պաշտոն չէ, և ոչ ոք չի կարող հեռացնել կամ ընդունել:

- Ի՞նչն է նման իրավիճակի պատճառը: Ի՞նչ ելք ես տեսնում:
- Ինքս էլ չգիտեմ, թե ինչն է պատճառը: Կարող եմ միայն ենթադրել, որ Անթալիայում ստացած 0 միավորն է պատճառը: Բայց չէ՞ որ ես մեջքի վնասվածք ստացա, իսկ յուրաքանչյուր մարզիկ ձերբազատված չէ վնասվածքներից: Երբ 7 տարի շարունակ Հայաստանը միջազգային մրցաշարերում մեդալներ չէր կարողանում նվաճել, ես առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Այդ ժամանակ բոլորն ուրախանում էին, ասում, որ միշտ իմ կողքին կլինեն: Ո՞ւր են հիմա նույն այդ մարդիկ: Եթե սպասում են, որ մենք պետք է զանգահարենք, խնդրենք, որպեսզի մեզ հրավիրեն ուսումնամարզական հավաքների, կասեմ, որ կարգն այդպիսին չէ: Մարզիկներին ֆեդերացիան է հրավիրում:
Հիմա ինձ համար դժվար է, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել: Դեռ ժամանակ կա, հնարավոր է` մասնակցեմ նաև Հայաստանի առաջնությանը: Տեսնենք` ինչպես կստացվի:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց