Աչքի տեղը ունքն են հանում. պետությունը գնում է լսողական սարքեր, որոնք էլ ավելի են վնասում

09:53 08/02/2012 » Հասարակություն

Աչքի տեղը ունքն են հանում. պետությունը գնում է լսողական սարքեր, որոնք էլ ավելի են վնասում

«Պետական բյուջեի միջոցների հաշվին լսողության խնդիրներ ունեցող երեխաների ու անձանց համար գնվում են մեծ քանակությամբ, բայց էժանագին լսողական սարքեր: Մասնավորաբար` վերջին երկու տարիներին առաջարկը պահանջարկին գերազանցել է 100/80-ով»: Այս մասին ասված է «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նամակում, որն ուղղված է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին:

Նամակագիրները պատգամավորի ուշադրությունն են հրավիրում այն խնդրի վրա, որ պետությունը, փաստորեն, լիարժեք չի կատարում իր պարտավորությունը` ապահովել լսողական սարքերով լսողության խնդիրներ ունեցող անձանց և դա երբեմն վնասում է առանց այդ էլ խոցելի խմբում հայտնված անձանց խոցված առողջությանը:

«Բազմաթիվ շահառու ծնողներից ունենք փաստումներ իրենց երեխաներին հատկացված լսողական սարքերի անհարմարավետության վերաբերյալ: Մեր կողմից իրականացվեց հետազոտություն և պարզվեց, որ, նախ, ներկրված սարքերի քանակը գերազանցում է պահանջարկը և երկրորդ` չի ընձեռվում սարքի անհատական ընտրության հնարավորություն, քանի որ տեսականին սահմանափակ է, ինչի հետևանքով միշտ չէ, որ սարքերը համապատասխան են լինում երեխայի լսողության կորուստի աստիճանին ու որակի արդի տեխնիկական բնութագրերին: Այսինքն` պետության կողմից տրամադրված գումարի նման սխեմայով օգտագործումը ոչ արդյունավետ է. Սարքերը երեխայի կողմից չեն օգտագործվում և ծնողները կանգնում են սեփական միջոցներով որակյալ սարք ձեռք բերելու կարիքի առաջ, ինչը շատ քչերին է հաջողվում»,- ասված է նամակում:

Ծնողները նշում են նաև միջազգային փորձի մասին, որտեղ գործում է հավաստագրերի համակարգը, այսինքն` մասնագետը ստուգում է և ըստ տրված հավաստագրի էլ շահառուն հնարավորություն է ունենում ստանալ լսողական կարիքի համապատասխան սարքավորում և ոչ թե այն, ինչ միակ ընտրությունն է: Ի դեպ, հավաստագրերի մեխանիզմը Հայաստանում կիրառելի դարձնելու նպատակով շուրջ 100 շահառու ծնողներ ստորագրահավաք են կազմակերպել ու իրենց դիտարկումները հասցեագրել նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին: Իսկ Ս.Սաֆարյանին էլ ծնողներն առաջարկում են այդ հարցը բարձրաձայնել Ազգային Ժողովում, օրենսդրական նախաձեռնության տեսքով, որը միտված կլինի թե’ պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, թե’ շահառուների շահերի պաշտպանությանը:

Նշենք, որ հիշյալ նախարարությունը պետական միջոցներով մի շարք ծրագրեր է իրականացնում, այդ թվում և «Հաշմանդամներին սայլակներով ու լսողական սարքավորումներով ապահովելու» ծրագիրը:

Նույն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նախորդ տարիներին հարցման շնորհիվ ստացել է շահառուների ցուցակը, թե ովքեր են օգտվել այդ ծրագրից. «Այս խնդիրը, որ բարձրացրել է «Հավատը» նոր չէ, այն տարիներ շարունակ առկա է մեզանում և հիմա ուղղակի պարտավոր ենք ճշտել ու հասկանալ ինչ է կատարվում այսօր»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Հիմնական խնդիրը, որ այսօր կա` դիմել նախարարությանը պարզելու, թե 2010-11թթ-ին քանի՞ շահառու է սարքավորում ստացել և ինչո՞ւ է պետությունն այդքան գումար ծախսել մեծ քանակով դրանք ձեռք բերելու նպատակով, այլ ոչ թե համապատասխան շահառուների թվով, առավել ևս, որ այդ դեպքում հնարավոր կլիներ ծախսված նույն գումարով գնել որակյալ սարքավորումներ. Ի վերջո, եթե պետությունը գումարը հատկացնում է, ապա միակ խնդիրն այն արդյունավետ օգտագործելն է:

«Այդ վատորակ լսողական սարքերը ոչ միայն չեն օգնում, այլ կարող են ահավոր վնասել, եթե անգամ լսողության մնացորդային, փոքր աստիճան ունի երեխան»,- նշեց տիկին Բախշյանն ու տեղեկացրեց, որ դիմելու է նախարար Գրիգորյանին հասկանալու, թե ինչո՞ւ հնարավոր չէ նույն գումարը ծախսել բայց համեմատած լավ որակի սարքավորում բերել, որպեսզի դրանց կարիքն ունեցող մեր քաղաքացիների աչքի տեղը ունքն էլ չհանեն:

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ վերջին երկու տարիների շահառուների ցուցակը դեռևս չունի, բայց 2009թ-ին պետության կողմից լսողական սարքեր ստացածների թիվը` ոչ միայն երեխաներ, կազմել է 1050 մարդ: Իսկ պետությունը սարքերը ձեռք բերելու համար ծախսել էր պետբյուջեից 117 մլն դրամ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց