ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ադրբեջանցիներին ու թուրքերին. «Դուք անտանելի ձանձրալի եք»
Ամերիկյան թերթերը ողողված են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և Միացյալ Նահանգներում բնակվող 200 թուրքերի և ադրբեջանցիների հետ համատեղ նախաճաշին արտահայտված մեջբերումներով, որտեղ փոխնախագահը ներկաներին անվանել է երբևէ իր տեսած ամենաձանձրալի լսարանը:
«Կարծում եմ, ինչ որ ես հիմա փորձում եմ ասել, առանց ձեզ երկար ժամանակ նախաճաշից կտրելու…. և դուք անտանելի ձանձրալի եք… ես պետք է ավելացնեմ, որ…», - իր խոսքում նշել է փոխնախագահ Բայդենը:
Հանդիպումը եղել է Վաշինգտոնում թուրքական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, որոնք հավաքվել էին առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Բարաք Օբամայի ընտրարշավին գումար հանգանակելու նպատակով: «Սա ամենահիմար լսարանն է, որի հետ ես երբևէ խոսել եմ: Միայն նստել եք այդտեղ և ակնդետ նայում եք ինձ: Փորձեք ձևացնել, որ ինձ հավանում եք»,-ասել է Բայդենը: Այս և նման մեկնաբանությունները ընդունվել են հրճվանքով, մինչդեռ Սպիտակ Տանը հավատարմագրված լրագրողները հայտնում են, որ նախաճաշին մասնակցությունը մեկ անձի համար արժեցել է 2500 ԱՄՆ դոլար:
Իր խոսքի վերջում, որը վերաբերվել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների նրբություններին, Բայդենը նշել է, որ ստիպված է ավարտել իր ելույթը, «որովհետև ձանձրացնում է ներկաներին այնքան, որքան նրանք արդեն ձանձրացրել են իրեն»: