ԱԺ-ն սկսեց աշխատանքը. ՀՀ նախագահը շնորհավորեց ՀԱԿ-ին ԱԺ մուտք գործելու կապակցությամբ (լուսանկարներ)

10:24 31/05/2012 » Օրվա թեմա

ԱԺ-ն սկսեց աշխատանքը. ՀՀ նախագահը շնորհավորեց ՀԱԿ-ին ԱԺ մուտք գործելու կապակցությամբ (լուսանկարներ)

Հինգերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը սկսեց իր աշխատանքները: ԱԺ նիստերի դահլիճում ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, կառավարության անդամները` ի դեմս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի:



Օրհներգից հետո ԱԺ նորընտիր պատգամավորներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ նախագահը, ով նշեց, որ անցած խորհրդարանական հինգ տարիները արդյունավետ ժամանակահատված էին ու լավ հիմք գալիք հինգ տարիների համար: Եվ քանի որ պատգամավորներից շատերը պրոֆեսիոնալներ են ու նախկինում էլ պատգամավոր են եղել, ապա և վստահություն հայտնեց, որ նրանք ապահովելու են խորհրդարանի գործունեության սահուն ընթացքը. « Ինձ համար դեռ թարմ են նախընտրական ժամանակահատվածի տպավորությունները, երբ ողջ հանրապետությունով մեկ առ մեկ ցուցակագրել ենք մարդկանց հոգսերը, իսկ մարդիկ մեզ ընտրել են, որովհետև հավատացել են մեզ ու հույսեր կապել: Պետք է այնպես աշխատենք, որ հուսախաբ չանենք մարդկանց և որպեսզի նրանք չզղջան, որ մեզ ձայն են տվել»,- դիմելով նորընտիր օրենսդիրներին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:


Երկրի ղեկավարը նշեց, որ ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական, ազդեցիկ ուժերը. «Ուրախ եմ, որ նախկին խորհրդարանում բոլոր ներկայացված ուժերը կրկին ներկայացված են և շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսին ԱԺ մուտք գործելու կապակցությամբ: Այստեղ ներկա են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր մոտեցումներ. կլինեն բանավեճեր, երբեմն իրար կհասկանաք, երբեմն ` ոչ: Բայց այդ ամենը պետք է նպաստի մեր երկրի պաշտպանության բարձրացմանը, արտագաղթի նվազեցմանը և այլ խնդիրների հաղթահարմանը»,- ընդգծեց նախագահը ու հույս հայտնեց, որ ապագայում ավելի քիչ սխալներ կգործեն:

Իր խոսքի վերջում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղուժերին ու հայ ժողովրդին համատեղ ուժերով բավականին հասուն ընտրություններ անցկացնելու համար. «Մեզ հաջողվեց այդպիսի ընտրություններ անցկացնել և մեզ կհաջողվի ավելացնել մեր արդյունավետությունը: Հուսով եմ աշխատելու ենք նոր եռանդով . ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահելու մեր սահմանած կանոնները, փոխադարձ հարգանքի սահմանները, ինքներս ենք դրա պահապանը: Մենք ենք, և ուրիշ ոչ ոք»,- հավելեց իր խոսքը երկրի ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո պատգամավորները, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, երդվեցին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց