Հոսնի Մուբարաքի վիճակը վատացել է
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատավճռի ընթերցումից անմիջապես հետո տեղափոխել են «Տորա» բանտի հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ նա կրելու է իր պատիժը: Հիվանդանոցը նախապատրաստվել է դեռ մի քանի ամիս առաջ: Սակայն մինչև հիվանդանոց հասնելը, ինքնաթիռում նրա վիճակը վատացել է: Այժմ բժիշկներն ամեն ինչ անում են նրա վիճակը կարգավորելու համար, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Եգիպտոսի քրեական դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին այսօր դատապարտել էր ցմահ ազատազրկման, մինչդեռ դատախազությունը պահանջում էր մահապատիժ:
Մուբարաքի դեմ առաջադրված մեղադրանքներից է նախորդ տարի եգիպտական հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրամանի արձակումը, անօրինական զենք ու զինամթերքի շրջանառության հովանավորում, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն, պետական գումարների յուրացում և այլն: