Փաստաբանի դիմումի հիման վրա Արաբկիրի ոստիկաններից մեկը հեռացվել է աշխատանքից, մյուսն էլ` պատժվել

10:35 04/07/2012 » Իրավունք

Փաստաբանի դիմումի հիման վրա Արաբկիրի ոստիկաններից մեկը հեռացվել է աշխատանքից, մյուսն էլ` պատժվել

Փաստաբանների պալատի և Ոստիկանության միջև այս տարեսկզբին ստորագրված համագործակցության հուշագիրը կարծես արդյունքներ տալիս է. փաստաբանների պալատի և ոստիկանության համագործակցության արդյունքում ոստիկանության Արաբկիրի երկու աշխատակիցներից մեկը ենթարկվել է պատասխանատվության, իսկ մյուսը ազատվել ծառայությունից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Փաստաբանների պալատն ու ոստիկանությունը կհամագործակցեն. ոստիկանության և Փաստաբանների պալատի միջև կնքված հուշագրով արագ արձագանքման հանձնախումբ է ստեղծվելու, որի վեց անդամներից երեքը լինելու են ՓՊ փաստաբաններ, իսկ մյուս երեքը` ոստիկանության աշխատակիցներ: Արագ արձագանքման խմբի առաքելությունն է` օգնության հասնել, երբ կողմերի իրավունքները խախտվեն:

«Եթե, օրինակ, փաստաբանը փորձում է գնալ ոստիկանություն իր հաճախորդի մոտ և եթե ոստիկանները տարբեր պատճառաբանություններով, չեն թույլատրում, ապա այդ փաստաբանը կապվում է հանձնախմբի անդամ փաստաբաններից որևէ մեկի հետ և այդ շրջանակներում տեղյակ են պահում հանձնախմբի անդամ ոստիկանության ծառայողներին և շատ արագ փորձում ենք հարցը լուծել», -ներկայացրեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնի բաժիններում նման դեպքերը հաճախակի բնույթ են կրել, և այդ պատճառով էլ Զոհրաբյանը դիմել է այս բաժինների ղեկավարներին:

Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը հուլիսի 3-ին Փաստաբանների պալատի փոխնախագահին գրությամբ տեղեկացրել է, որ նրա ներկայացրած գրության հիման վրա կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքում հերթապահություն իրականացրած հերթապահ մասի պետի օգնական, ոստիկանության մայոր Զ. Մարտիրոսյանը, որը խոչընդոտել էր փաստաբանին, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Նույն բաժնի մյուս ծառայող` օպերատիվ հերթապահ, ոստիկանության մայոր Հ. Ջոթյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Կենտրոնի ոստիկանապետի պատասխանին Փաստաբանները դեռ սպասում են:

«Պետք է ասել, որ ոստիկանապետի կամքն է, որ այդպիսի արաք գործողները պատժվեն: Ոստիկանության և Փաստաբանների պալատի հանձնախումբը շատ արդյունավետ է գործում: Վեց ամիս հետո մեր գործունեության հաշվետվությունը կներկայացնենք և բոլորին պարզ կդառնա ամեն ինչ»,- ասաց Զոհրաբյանը` նկատելով, որ երկու կառույցների միջև համագործակցությունից շահում է միայն հասարակությունը:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փաստաբաններն ու ոստիկանները կհամագործակցեն

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց