Բողոքի ակցիա ԱԺ դիմաց. Պահանջում են Ռուբեն Հայրապետյանը գործում ներգրավվի որպես կասկածյալ

10:50 04/07/2012 » Հասարակություն

Բողոքի ակցիա ԱԺ դիմաց. Պահանջում են Ռուբեն Հայրապետյանը գործում ներգրավվի որպես կասկածյալ



Ազգային Ժողովի դիմաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղարվորներին» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում:

«Ոչ օլիգարխիկ բարքերին», «Խորհրդարանը չպետք է հանգստանա, երբ մեզ սպանում են» ու այլ կարգախոսներով պաստառները պարզած երեք տասնյակից ավելի մարդիկ, այդ թվում մտավորականներ ու քաղաքական, հասարակական գործիչներ պահանջում են ԱԺ ղեկավարությունից անցկացնել լսումներ` «Հարսնաքարում» մահվան ելքով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նրանք պահանջում են, որպեսզի պատգամավորական մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանը միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում ներգրավի որպես կասկածյալ:

«Ժառանգության» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այդ պահանջին միացել են նաև խորհրդարանական երեք խմբակցությունները` Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը և «Ժառանգությունը»:

Այս պահին ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյին ուղեկցող շարասյունը մոտեցավ ԱԺ շենքին: Նրան ակցիայի մասնակիցները դիմավորեցին բարձր բացականչություններով ու սուլոցներով, ապա շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ գտնվում է ԱԺ հետնամուտքը:

Տեղում հասարակական կարգը պահպանում են ոստիկանները` Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնի էր դարձել նախաքննական մարմնին, մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև:

Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:

Տուժածների թվում էր նաև ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանը, որը վերակենդանացման բաժանմունքում 13 օր ծայրահեղ ծանր վիճակում էր և մահացավ հունիսի 29-ին ժամը 18:30-ի սահմաններում:
Կալանավորված է վեց մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք հյուրանոցի աշխատակիցներ են:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց