Սիրիա. Իսլամական ծայրահեղականների դառը փորձն արևմուտքն ունի

17:14 08/08/2012 » Քաղաքական

Սիրիա. Իսլամական ծայրահեղականների դառը փորձն արևմուտքն ունի

Սիրիայում ընթացող ռազմական բախումները ահագնացող չափերի են հասել, որտեղ զգացվում է ծայրահեղական իսլամական կառույցների, այդ թվում Ալ-Կաիդայի և նրան հարող այլ իսլամական խմբավորումների ակտիվ դերակատարումը: Հակամարտության սկզբից այդ խմբավորումները ներգրավվեցին ռազմական գործողությունների մեջ` ստանալով արտաքին ուժերի (ԱՄՆ, Թուրքիա, Պարսից ծոցի հարուստ միապետություններ և այլն) մեծ աջակցություն:

Արտաքին խաղացողները պետք է լավ գիտակցեն այն վտանգը, որն իրենցից ներկայացնում են ծայրահեղականները և հնարավորինս զերծ պահեն նրանց հակամարտության մեջ ունեցած  ակտիվ ներգրավվածությունից: Այդ խաղացողներին պետք է հիշեցնել Աֆղանստանը, երբ արևմուտքի կողմից ստանալով ֆինանսական և ռազմական աջակցություն մոջահիդները ստեղծեցին իրենց ռազմական ճամբարները մի շարք երկրներում և իրականացրեցին պայքարը սովետական ուժերի դեմ: Արևմուտքին հարկ է հիշեցնել նաև Օսամա Բեն Լադենի մասին, ով, հովանավորվելով արևմտյան և պակիստանյան հատուկ ծառայությունների կողմից, ստեղծեղ Ալ-Կաիդան և կազմակերպեց հակասովետական պայքարն Աֆղանստանում: Իսկ թե ինչի վերածվեց հետագայում այդ պայքարը, կարծում ենք, արևմուտքը լավ է հիշում. Աֆղանստանից խորհրդային զորքերի հեռանալուն պես, երկիրում ծավալված քաղաքացիական պատերազմի արդյունքում, իշխանության եկան տալիբները, որոնք փայլեցին իրենց վայրագություններով` հաստատելով շարիաթի սկզբունքների վրա հիմնված կարգեր: Անգործ մնացած մուջահիդները Աֆղանստանից տարածվեցին ամբողջ աշխարհով` ռազմական ճամբարներում ստացած և մարտական գործողություններում ձեռք բերած գիտելիքներն օգտագործելով աշխարհի տարբեր թեժ կետերում` փորձելով այդ հակամարտություններին տալ կրոնական բնույթ: Իսկ 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները թերևս բոլորս ենք հիշում, երբ ծայրահեղականների կողմից առաջ քաշված «Գլոբալ ջիհադի» հայեցակարգը ստացավ իր պրակտիկ կիրառումը թիվ առաջին թշնամի հայտարարված ԱՄՆ-ի դեմ:

Սիրիան դարձել է այն քաղցր պատառը, որից փորձում են համտես անել ծայրահեղականները մի շարք արտաքին ուժերի օժանդակությամբ` պատրաստվածություն անցնելով նմանատիպ ճամբարներում: Դրա հետ մեկտեղ որոշ ընդդիմադրներ, հանդես գալով իսլամական կարգախոսներով ու ծայրահեղական խմբավորումների դրոշների ներքո, փորձ են անում սիրիական հակամարտությանը կրոնական աստառ տալ, ինչը բավական մտահոգիչ և վտանգավոր է առաջին հերթին Սիրիայում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի համար:

Արդյունքում նորից ունենալու ենք անգործ մնացած իսլամիստներ, որոնք հետագայում պետք է օգտագործեն իրենց հմտությունները թե' Սիրիայում, թե' Սիրիայից դուրս: Այդ փորձն ավաղ աշխարհն ունի, անհրաժեշտ է ուղղակի հիշեցնել: 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Սարգիս Գրիգորյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց