Դատարանը մերժեց Սիվիլիթասի հայցը

15:35 18/08/2012 » Իրավունք

Դատարանը մերժեց Սիվիլիթասի հայցը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը` Սիվիլիթաս Հիմնադրամի ներկայացրած բողոքի վերաբերյալ: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին Վճռաբեկ դատարանից, դատարանը մերժել է հայցը:

Հիշեցնենք, որ հիմնադրամը պահանջում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցումը:

Այս տարվա հունիսի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել հիմնադրամի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

«ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել:

Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց