Մեդվեդև. Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին
Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ուկրաինայում կրկին արյուն է թափվել: Երկիրը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: Դա շատ ցավալի է: Ուկրաինական ողբերգության պատճառը նրանում է, որ օրինական իշխանությունն անգամ չփորձեց պահպանել իրավակարգը երկրի շրջաններում, երբ այնտեղ սկսվեց վարչական շենքերի գրավումը: Հետևաբար նման իշխանությունը զրոյացվեց: Իսկ ոչ լեգիտիմ կառավարիչներն, ընդհակառակը, փորձում են այնտեղ կարգուկանոն վերականգնել, ինչն իրենք իսկ ցինիկաբար մերժում էին՝ իշխանության գալով զինված ապստամբության արդյունքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետի խոսքով՝ նման գործողությունը հանգեցրել է պատասխան գործողության, «պետական հանցագործությանը՝ շրջաններում ժողովրդական հուզումների», ինչն իրադարձությունների շղթայական ռեակցիա է:
«Մեղք են մարդիկ, ովքեր պատանդ են դարձել ապաշնորհ քաղաքական գործիչների, որոնց նրանք չեն ընտրել, ինչպես նաև անպատասխանատու արմատականների, ովքեր փոխարինել են ոստիկանությանն ու բանակին: Իշխանության դատարկությունը լցվել է քաոսով»,- հավելել է Դմիտրի Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում՝ Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում սկիզբ են առել Ուկրաինայի դաշնայնացման կամ Ռուսաստանին միանալու կոչերով զանգվածային բողոքի ակցիաներ: Ցուցարարների և իրավապահների միջև եղել են բախումներ, կան զոհեր և վիրավորներ: