Գոմեշի մսի գործով նոր զարգացումներ են սպասվում
Գոմեշի մսի գործով կարելի է ասել, որ սայլն արդեն տեղից շարժվում է։ Ժամանակին բավականին մեծ աղմուկ հանած այս բացահայտումից հետո բանակի բարձրաստիճան մի շարք զինվորականներ պաշտոնանկ եղան։ Եվ ահա շուրջ երեք տարի բացահայտված այս գործով ներգրավված անձինք այսօր ծանոթանում են գործի նյութերին։ «Ժողովուրդ»-ի թղթակցին այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը։
«Քրեական գործը գտնվում է նյութերի ծանուցման փուլում: Ապրիլի 11-ից կայացվել է որոշում, որ գան և ծանոթանան գործի նյութերին»:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, և զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել էր քր.գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն): Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս գործից հետո պաշտոնանկ եղած ԶՈւ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը վերջերս նշանակվել է նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: