«Ալ-Կաիդայի» առաջնորդը կոչ է արել միավորվել Սիրիայում իրենց մրցակցի դեմ
«Ալ-Կաիդայի» առաջնորդ Այման Ալ-Զավահիրին իր ստորաբաժանումներին կոչ է արել միավորվել Սիրիայում արմատներ գցած ջիհադիստական մրցակից խմբավորման դեմ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Հարցազրույցը, որը իսլամական կայքերի մոնիտորինգի կենտրոնը (SITE Intelligence Group) թվագրում էր փետրվար և ապրիլ ամիսների միջև, հրապարակվել է այն բանից հետո, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը «Ալ-Կաիդային» մեղադրել էր «ճիշտ ճանապարհից շեղվելու մեջ»:
«Նրանք ամենուր պառակտել են մոջահեդինների (ջիհադի մասնակիցները) շարքերը»,-ասել էր խմբավորման մամուլի խոսնակ Աբւ Մուհամեդ Ալ-Ադնանին:
Զավահիրին հերքել է այդ պնդումները` ասելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը հնարավոր է թափանցել է ջիհադիստական խմբավորումների շարքերը` նրանց միջև խռովածություն գցելու նպատակով:
«Մեր մեթոդն է կենտրոնանալ դարաշրջանի Հուբալի` Ամերիկայի (նախաիսլամական հեթանոս աստված), նրա խաչակիր դաշնակիցների, սիոնիզմի, դավաճան գործակալների դեմ` ստեղծելու Ումման (մուսուլմանների համայնք) և ջիհադ մղելու նրանց դեմ` մի կողմ թողնելով իրար միջև բախումները»,-ավելացրել է ահաբեկչական խմբավորման առաջնորդը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին Այման Ալ-Զավահիրին հայտարարեց, որ Սիրիայում իր միակ ներկայացուցիչը «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումն է, և ոչ մի կապ չունի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ: