Օ.Մակքոյ. Հայաստանը դեռ հեռու է կանանց և տղամարդկանց հավասարությունից, բայց ես լավատես եմ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դիտարկում է գենդերային հավասարությունը որպես ժողովրդավարության, զարգացման և անվտանգության նախապայման, այդ իսկ պատճառով շարունակելու է աջակցել կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը՝ կյանքի կոչելով այդ գաղափարը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գենդերային հարցերով համադասող Օլիվեր Մակքոյը:
Պաշտոնյան նշեց, որ ընթացիկ տարում գրասենյակը ծրագրում է ակտիվացնել հանդիպումները կին պատգամավորների հետ, աշխատանք տանել կուսակցությունների հետ` կանանց մասնակցության ընդլայնման ուղղությամբ, աջակցել կանանց ներգրավվածությանը այն ոլորտներում, որոնք ավանդական համարվել են տղամարդկանց ոլորտներ` ոստիկանությունում:
Գործունեության կարևոր ուղղություններից մեկը լինելու է նաև թրաֆիքինգը, որն առնչվում է կանանց և երեխաներին:
«Այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել գրասենյակի կողմից և պետք է հատուկ ընդգծեմ, որ այն հաջողությամբ չէր պսակվի, եթե չլիներ սերտ համագործակցությունը կառավարության ու նաև հասարակական սեկտորի հետ»,- նշեց նա:
Խոսելով անցած ուղու մասին Օ.Մակքոյը նշեց, որ սկսած 2008թ-ից ԵԱՀԿ-ն լուրջ ռեսուրսներ է ներդրել կանանց տնտեսական հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ: Օրինակ, աջակցել ու շարունակում է աջակցել Սյունիքում կանանց Ռեսուրս-կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը, ինչպես նաև նրանց միջև համագործակցության ձևավորմանը:
«Ինձ համար իսկապես ուրախալի է տեսնել, որ կարճ ժամանակահատվածում ու հատկապես վերջին երկու տարիներին այդ կենտրոնները նկատելի արդյունքներ են արձանագրել կանանց ակտիվ ներգրավման և տնտեսական հաջողությունների տեսանկյունից: Աճել է նաև այդ կանանց քաղաքական ակտիվությունը, ինչն ուրախալի է արձանագրել»,- տեղեկացրեց պաշտոնյան ` ավելացնելով, որ ՏԻՄ ընտրություններից հետո Սյունիքի մի շարք համայնքների ավագանիները համալրվեցին այդ կենտրոնների աջակցությունը ստացած կանանցով:
Օ.Մակքոյը նշեց, որ ցավոք Հայաստանը դեռ հեռու է կանանց և տղամարդկանց հավասարությունից և դա արտահայտվում է գրեթե բոլոր ոլորտներում: Բայց նույն Սյունիքի օրինակի վրա նա նշեց, որ լավատես է և որ թունելի վերջում լույսը, այդուհանդերձ, երևում է:
«Սյունիքում կանանց մասնակցությունը ավագանիների կազմում բավականին բարձր է, թեև դեռ մի քանի տարի առաջ այս մարզում կանանց ներկայացվածության ամենացածր ցուցանիշն էր արձանագրվել: Եվ ինձ համար սա է ցուցանիշը, որն ապացուցում է, որ անկախ բոլոր այն հիմնախնդիրներից, որ կան ընտրական գործընթացներում, դրական փոփոխությունները ևս հնարավոր են»,- շեշտեց Օ.Մակքոյը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ