Ցեղասպանությունը ոչ սկսվել և ոչ էլ ավարտվել է 1915թ.-ով. Իսպանական El Imparcial-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը
Իսպանական El Imparcial թերթը հոդված է հրապարակել հայոց ցեղասպանության թեմայով: Հոդվածի հեղինակն է իսպանացի քաղաքական մեկնաբան, իրավաբան, Մադրիդի Սան Պաբլո Համալսարանի պրոֆեսոր Ռիկարդո Ռուիս դե լա Սեռնան:
Հեղինակը հիշատակում է Օսմանյան Թուրքիայի ղեկավարների կողմից կազմակերպած 1.5 մլն հայերի, այդ թվում հայկական ողջ վերնախավի կոտորածը 1915թ.-ին՝ նշելով սակայն, որ ցեղասպանությունը ոչ սկսվել և ոչ էլ ավարտվել է 1915թ.-ով: Նա հիշատակում է ինչպես 19-րդ դարի վերջին Սուլթան Աբդուլ Համիդ-ի կազմակերպած ցեղասպանությունը և 1909 թ.-ի Ադանայի կոտորածը, այնպես էլ 1922թ. Իզմիրի հրդեհը:
Նկարագրելով այն վայրագությունները, որոնց ենթարկվել են հայերը՝ հեղինակը գրում է.«Կարելի է մտածել, որ հայերը թույլ տվեցին, որ իրենց բնաջնջեն: Բայց ո°չ, դա այդպես չէ: Իրականում որտեղ նրանք կարող էին դիմադրել, դիմադրում էին... Ֆրանց Վերֆելը իր «Մուսա Լեռան քառասուն օրը» վեպում նկարագրել է հայերի դիմադրությունը... հայերը հենց այնպես չէին հանձնվում»:
Դե լա Սեռնան եզրափակում է իր հոդվածը հետևյալ տողերով. «Այսօր՝ ցեղասպանության հիշատակման օրը, ցանկանում եմ լինել իմ հայ ընկերների հետ և բարձրացնել նրանց հետ միասին իմ ձայնն ու իմ աղոթքները... Այս խաչված և այսօր կրկին կյանքի վերադարձած մարդկանց մեջ, Հայաստանում և սփյուռքում, կա մի բան, որ խորապես դիպչում է իմ սրտին... Կցանկանայի ամուր գրկել նրանց, քանի որ նրանք ողջ են և պահպանում են հիշողությունը, տեղի չեն տալիս ատելության, բայց և երբեք չեն մոռանում: Այսպիսով գրում եմ այս տողերը, քանի որ դա նրանց հետ լինելու իմ միջոցն է»