«Քեսաբցիները չեն լքելու Քեսաբը, թույլ չենք տա, որ Թուրքիայի թեթև ձեռքով այդ էջը շրջվի»
Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած քեսաբահայերի ժառանգներն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ և ոգեկոչեցին իրենց նախնիներին:
«Քեսաբի հայերի տեղահանմանը Թուրքիան մասնակից եղավ»,- ասաց Քեսաբ հայրենակցական միավորման նախագահ Գեղամ Սարմազյանը:
Նա նշեց, որ իրենց նպատակը համախմբումն ու քեսաբահայերին նյութապես, հոգեպես աջակցելն է:
«Նրանք ցանկանում են վերադառնալ, վերակառուցել տները, թեկուզ վրանների տակ ապրել` ջրով ու հացով: Քեսաբցիները չեն լքելու Քեսաբը, այն մեր պատմական Կիլիկիայի վերջին մասնիկն է, մենք չենք թույլ տալու, որ Թուրքիայի թեթև ձեռքով այդ էջը շրջվի և անցնի պատմության գիրկը»,- ասաց Գեղամ Սարմազյանը:
Panorama.am-ի թղթակցի հարցին` կա՞ն ընտանիքներ, ովքեր ցանկություն են հայտնում Հայաստան տեղափոխվել, Քեսաբ հայրենակցական միավորման նախագահը պատասխանեց. «Մի քիչ զգայուն է այդ հարցը: Տարհանված քեսաբահայերը պետք է վերադառնան Քեսաբ»:
Նա նշեց, որ հիմա Քեսաբում կառավարական զորքերը երկու գյուղ ազատագրել են տեռորիստներից, մարտեր են գնում:
Իր պարտքը կատարելու էր եկել նաև քեսաբահայ Շողեր Մելքոնյանը, ում հարազների մի մասը Լաթաքիայում են, մի մասը` Լիբանանում:
«Մեր միակ ցանկությունն է վերադառնալ Քեսաբ: Մեր տները թալանված են, բայց թե ինչ վիճակում են, չգիտենք»,- ասաց նա:
Քեսաբ հայրենակցական միավորման փոխնախագահ Հովսեփ Փասլիկանը, պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե որքանով է համարժեք հանրության արձագանքը տեղի ունեցածին, նշեց, որ հայակական կողմի արձագանքը խիստ էր, բայց միջազգային հանրությունը բավական թույլ արձագանքեց:
«Ցավոք, իրավիճակն այնպիսին է, պետք է պայքարենք, օգնենք մեր քեսաբահերին: Նրանք աշխատող ժողովուրդ են, իրենց միակ նպատակն է վերադառնալ իրենց տները: Զրոյից էլ լինի, կվերականգնեն ամբողջը»,- ասաց Հովսեփ Փասլիկյանը:
Հայաստանում հիմա 12 քեսաբահայ ընտանիք կա, որոնցից 2-ը եկել են տեղահանումից հետո: Քեսաբահայերի մեծ մասը Լաթաքիայում են և սպասում են, որ քաղաքն ազատագրվի ու վերադառնան իրենց տները: