Գյումրիի անօթևանների խնդիրը վարչապետի ուշադրության կենտրոնում է. Տ.Աբրահամյան
«Նման բան չի եղել. քաղաքաշինության նախարարի հետ քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին Գյումրիում, այդ թվում և Լոռու մարզում բնակարանով ապահովելու կամ ԲԳՎ ծրագրով փոխհատուցելու տարբերակները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը` հերքելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում ասել է, որ բնակարանաշինությունը Գյումրիում հնարավոր է այլևս չլինի:
Նրա խոսքով, վարչապետը աշխատանքային այցով Գյումրի էր մեկնել, քանի որ Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շուրջ շատ հարցեր էին կուտակվել և որպեսզի տեղում ծանոթանար առկա իրավիճակին ու իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև բնակիչների խնդիրներին:
«Հ. Աբրահամյանը այնտեղ էր մեկնել՝ տեղում բնակիչների հետ զրուցելու՝ տեղեկանալու, թե ինչ մտահոգություններ ունեն»,- ընդգծեց նա:
Տ.Աբրահամյանը նշեց նաև, թե որոշ ԶԼՄ-ներ շրջանառում են, որ Գյումրիում վարչապետին ցույցով են դիմավորել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
«Վարչապետին Գյումրիում մոտեցել են «Մուշ-2» թաղամասի բնակիչները, ներկայացրել իրենց խնդիրները: Բայց դա չի եղել ցույց կամ բողոքի ակցիա, առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանը մարզային իր այցելությունների ժամանակ միշտ շփվում է բնակիչների հետ ու լսում նրանց: Գյումրիի այսօրվա այցը այդ իմաստով բացառություն չէր»»,- նշեց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ բնակիչների ներկայացրած խնդիրները բազմազան են եղել` սկսած ասֆալտապատման խնդիրներից մինչև տանիքի խնդիր: Ըստ այդմ վարչապետը հանձնարարել է գյումրեցիների բողոքների հիման վրա լուծում տալ առկա թերացումներին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարության շրջանակներում նախատեսվում է կառուցել` Գյումրիում 8 շենք` 433 բնակարան և Ախուրյանում 4 շենք` 136 բնակարան: Եվս 167 անհատական բնակելի տներ նախատեսվում է կառուցել մարզի թվով 19 գյուղական բնակավայրերում:
Հարակից հրապարակում`
Կան մանր թերություններ, որոնք կարճ ժամկետներում կվերացվեն. խոստացել է վարչապետը Գյումրիի Մուշ 2-ի բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում