«Անասուն ես», «կով ես»… բնապահպանության նախարարը աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասած լուրերի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի՝ աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին:
Թերթին հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա և մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Եվ ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձևով «անասուն ես», «կով ես» բառերով: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսևորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին:
Թերթը փորձել է այդ լուրերի իսկությունը ճշտել բնապահպանության նախարարից, սակայն նրա հեռախոսն անջատված է եղել: Իսկ նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իրականում նման բան չկա նա վստահեցրել է, որ հնարավոր է՝ խորհրդակցությունների ժամանակ, աշխատանքային պրոցեսում նախարարը խիստ նկատողություններ անի աշխատակիցներին, բայց երբևէ չի կոպտում, առավել ևս բղավում: