ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ու բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների կապակցությամբ այսօր հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», - ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հանդիպումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների կարևորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար:
Նրանք նաև քննարկել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումների հնարավորությունները:
«Համանախագահները շարունակում են կողմերի հետ դիտարկել անվտանգության նկատմամբ վստահության ամրապնդման միջոցները և հասարակ քաղաքացիների միջև հանդիպումների ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը ամրապնդում են տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ վստահությունն ու հավատը», - ասված է հայտարարությունում:
Նշենք, որ նախօրեին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոյը առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Նախորդող հրապարակումներ՝
Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել հրադադարի ռեժիմի խախտումների, սահմանին մարդկային զոհերի փաստի վրա
Ջ. Ուորլիք. Համանախագահները հանդես կգան հայտարարությամբ