Եթե հրաշքներ չլինեն, ապա տասը տարի հետո միայն ալեհեր մարդիկ են համշենահայերեն խոսելու. Ս.Վարդանյան
«Հայերն այնպես են ձևափոխում իրենց ազգանունները դրսում, որ մտքովդ էլ չի անցնի, որ նախնիները հայ են եղել: Ինչո՞ւ: Ուրեմն ինչ-որ խնդիր կա, որ այդպես մարդիկ ազգությունները փոխում են, դպրոցներ չեն հաճախում... ընդ որում շատ բացասական ազդեցություն են ունենում Հայաստանից արտագաղթածները, ովքեր և’ վարկաբեկում են հայերին ու Հայաստանը, և' հայությունից հիասթափված են գնում` դուռը շխկացնելով: Այո, իրենց էլ է հասկանալի, բայց բաներ կան, որ ամեն ինչից բարձր է, օրինակ ազգությունը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:
Վերջինիս խոսքով` շատ քիչ հայեր են, որ իրենց երեխաներին տալիս են հայկական դպրոց և պատճառը այդ դժգոհություններն են: Ս.Վարդանյանը նշեց, որ հսկա Արմավիր քաղաքում հազիվ 20 երեխա է հավաքվել կիրակնօրյա հայկական դպրոց հաճախելու համար, մինչդեռ Արմավիրը 18-20 հազարանոց հայկական համայնք ունի:
«Հայերի հետ խոսում ես, ասում են` հայերենը մեզ ինչների՞ս է պետք, մենք հո հետ չե՞նք գնալու: Անկեղծ որ լինենք` Եղեռնի տարիներին անգամ այսպես չի եղել, Եղեռնի ժամանակ մարդիկ մտածել են, որ պետք է հետ գնան, և շատերը հետ են գնացել»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, Աբխազիայում ավելի բարվոք վիճակ է, որտեղ աբխազահայության 80 տոկոսը համշենցիներ են: Բայց միևնույն է, «եթե այսպես շարունակվի ու հրաշքներ չլինեն, ապա տասը տարի հետո միայն ալեհեր մարդիկ են համշենահայերեն խոսելու»: