«Առավոտ» օրաթերթը տոնում է 20-ամյակը
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Այս օրերին, երբ նշվում է «Առավոտի» 20-ամյակը, ուզում եմ հնարավորինս խուսափել ավելորդ պաթոսից և խոսել մի քանի բաների մասին՝ այնպես, ինչպես որ ես եմ հասկանում:
Սեր: Նայում եմ հին և նոր, ներկա և նախկին առավոտցիների նկարները՝ այսօրվա, 5, 10, 15 տարվա, և զգում եմ, որ ոչ միայն ես եմ նրանց սիրում, այլև նրանք՝ ինձ: Նաև՝ իրար: Հենց նկարներից էլ զգում եմ: Առանց «լայքերի» և մեկնաբանությունների:
Երազանք: Որ Նաիրան և Ժենյան մեզ հետ լինեն: Ինչ-որ իմաստով նրանք, իհարկե, մեզ հետ են:
Մրցակցություն: Իբր բարիքներն այս աշխարհում քիչ են, բոլորին չեն հերիքում, և ամեն մի պատառի համար պետք է կոկորդ պատռել: «Շտապեք, ընթերցողների քանակը սահամանափակ է և խլխլեք այդ ընթերցողներին իրարից»: Կամ՝ ավելի վատ «Բացատրեք ընթերցողներին, որ դուք լավն եք, իսկ ձեր եղբայրները՝ վատը: Ժամանակի անիմաստ կորուստ:
Օբյեկտիվություն: Պատրանք է: Մարդը չի կարող օբյեկտիվ լինել: Նա կարող է լինել բարի, ներողամիտ, լայնախոհ, հանդուրժող:
Անկախություն: Դարձյալ պատրանք է: Մարդը չի կարող անկախ լինել: Կենդանի մարդը: Դիակը կարող է, որովհետև նրան այլևս ոչինչ պետք չէ: Կենդանի մարդը կարող է լինել թերահավատ՝ չհասցնելով, սակայն, իր թերահավատությունը ցինիզմի: Պայքար: Բոլոր ժամանակների բոլշևիկների կարգավիճակը: Նա, ով կարծում է, թե կյանքը պայքար է, կյանքից ոչինչ չի հասկանում: Պետք չէ պայքարել աղբի դեմ, պետք է առանց ավելորդ աղմուկի գցել այն աղբամանը:
Տանջանք: «Բա, աղջիկ ջան, երեխա ես ունեցել 20 տարի առաջ, հիմա սաղ կյանքդ պիտի տանջվես: Աշխարհի կարգն է էդ ձև»: Դարձյալ «պայքարի» սերիայից է:
Կյանքը տանջանք չէ, եթե մենք չենք ուզում, որ այդպիսին լինի:
Կյանքը հաճույք է: Սեր: Դու տալիս ես ավելի շատ, քան վերցնում ես: Արդյունքում ստանում ես ավելի շատ, քան տալիս ես»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները