Ռեկտորի եղբոր սպանության պատճառը խանդն էր. Ոստիկանություն (տեսանյութ)
Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության պատճառը խանդն է եղել: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նշենք, որ սպանությունը կատարելու համար կասկածվող Գյումրիի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը այսօր դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց: Նրա նկատմամբ նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունից հայտնում են, որ դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացվել է հուլիսի 24-ին: Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում անհայտ անձը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են և առգրավվել` 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:
Բացահայտման աշխատանքներին ներգրավվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողներ:
Հարցաքննվել են սպանվածի բոլոր հարազատներն ու մտերիմները, հարևան-բարեկամները: Այնուհետև տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը կարող է կատարած լինել պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը` իր կամ աշխատանքային ընկերներից մեկի հաշվեցուցակային զենքով. Դրդապատճառը` խանդը:
Մանրամասները` տեսանյութում: