Ադրբեջանա-վրացական բախում Բաքվում
Վրացական ու ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ երեկ Բաքվում կայացած Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի «Նեֆթչի»-«Չիխուրա» հանդիպման ժամանակ վրացական թիմի երկրպագուները մարզադաշտում քարտեզ են պարզել, որում այսօր Ադրբեջանի մաս կազմող որոշ տարածքներ, որոնք ժամանակին վրացական են եղել, ներառվել են Վրաստանի կազմում: Դրան հաջորդել է թիմերի երկրպագուների բախումը:
Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանը փակել է Վրաստանի հետ սահմանի մի հատվածը, սակայն Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտարարել է, որ դա կապված չէ երեկվա ֆուտբոլային խաղի ժամանակ գրանցված միջադեպի հետ: Նա ընդգծել է, որ սահմանը փակվել է միայն այն մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի օրենդրությանը:
Վրաստանի շատ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել իրենց երկրպագուների քայլը դատապարտող հայտարարություններով: Խաղաղության և քաղաքացիական հավասարության հարցերով պետքարտուղար Պաատա Զաքերեիշվիլին նույնիսկ շեշտել է, որ դա սադրանք է եղել` կոչ անելով հետաքննություն իրականացնել և պարզել, թե ով է կանգնած դրա հետևում: Նա նաև նշել է, որ այդ միջադեպը ոչ մի կապ չունի վրացական հասարակության հետաքրքրությունների ու վրացական պետության շահերի հետ: