Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայը կալանավորվել է
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանին մեկ ամսով կալանավորել է: Այս մասին գրում է mskagency.ru կայքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության մոսկովյան թղթակիցը հայտնել էր, որ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա: Նշանակետն է եղել Թուրքիայի զինանշանը:
Ա. Միրզոյանը ձերբակալվել էր: Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածով:
«Ես ճանաչում եմ իմ մեղքը, պատրաստ եմ վճարել 500 հազար ռուբլի տուգանք և չեմ պատրաստվում լքել Ռուսաստանը, քանի դեռ քննություն է ընթանում»,- դատարանում հայտարարել է Ա. Միրզոյանը:
Նրա փաստաբան Գ. Շատվորյանը ասել է, որ Ա. Միրզոյանն ամուսնացած է, ունի 2 երեխա, աշխատանք և չի պատրաստվում հեռանալ երկրից:
«Կատարած հանցագործությունից հետո նա չի թաքնվել, սպասել է մինչև ոստիկանները կժամանեն: Նման հանցագործությունը թույլ է տալիս մնալ ազատության մեջ, այդ իսկ պատճառով խնդրում ենք դատարանին գրավի դիմաց բաց թողնել նրան: Հասարակությանը վտանգ չի ներկայացնում, նրա գործողություններն ուղղված չեն եղել կոնկրետ անձի նկատմամբ, նա չի պատրաստվում մարդկանց վնաս հասցել»,- ասել է փաստաբանը` հավելելով, որ Ա. Միրզոյանը կատարելապես ադեկվատ մարդ է, սակայն իր գործողության դրդապատճառների մասին որևէ բան դեռևս չի պատմել: Բացի այդ` Միրզոյանը զենք կրելու իրավունք ունի:
Նախորդող հրապարակումներ`
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մոսկվայում հայը կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա