Պատգամավորը մեկնում է Արցախ` դիրքապահներին տանելով խոստացված նվերը
ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա Արցախում` ԼՂՀ ԱԺ նույնանուն հանձնաժողովի հետ համատեղ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` նշելով, որ մի քանի ժամից շարժվում են դեպի Ստեփանակերտ:
«Համատեղ նիստի օրակարգում են նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները: Ազնվության համար պետք է արձանագրենք, որ Արցախում ընտրություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան հետխորհրդային պետություններից որևէ մեկում, բայց և այնպես ցանկացած օրենք և օրենսդրություն մշտապես կատարելագործման կարիք ունի»,-տեղեկացրեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը:
Նույն օրը երեկոյան, շարունակեց նա, ՀՀ ԱԺ պատգամավորները կհանդիպեն նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Արցախյան այցելության կարևոր մաս է կազմում նաև այցելությունները զորամասեր ու դիրքեր: Հ. Սահակյանը հիշեցրեց, որ իր նախորդ այցի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսին, երբ սահմանին հանգիստ չէր, նա խոստացել էր դիրքերին գիշերային դիտարկման սարք նվիրել և ահա այս այցի շրջանակում իր խոստումը կկատարի: Այնպես որ խոստացված գիշերային դիտարկման սարքերը կհամալրեն դիրքապահների զինանոցը: