Արդարադատության նախարարն ընդունել է շերիֆ Քութուջյանին
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի:
«Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:
Փիթեր Քութուջյանը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ է տարել պատիժների կատարման, ընտանեկան բռնություններին առնչվող խնդիրների և դատապարտյալների սոցիալական ինտեգրմանը վերաբերող ոլորտներում:
Ներկայացնելով Միացյալ Նահանգներում քրեակատարողական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ շերիֆը կարևորել է հարցին մոտենալու ամերիկյան փիլիսոփայությունը. «Պատժում ես՝ նախապատրաստելով ազատության»:
Կողմերն անդրադարձել են հնարավոր գործընկերության շրջանակներին, պրոբացիոն ծառայության Ամերիկյան առաջավոր փորձին և երկու երկրներում պատիժների կատարման հարցերին:
Հանդիպման ավարտին նախարարը ուղենշել է հետագա համագործակցության հնարավոր եզրերը և հստակեցրել առաջիկա անելիքները:
2011-ից Փիթեր Քութունջյանը Մասաչուսեթս նահանգի շերիֆն է: 2013-ին նրան հաջողվում է շրջանի ամենից շատ փնտրվող հանցագործներին բերման ենթարկել, ամբողջ շրջանում փակվում է մոտ 50 ընդհատակյա հաստատություն: 2013-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրամանագրով Քութուջյանին շնորհվում է նախագահական շքանշան երկրի ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայությունների համար:
2013-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քութուջյանին պարգևատրել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ԼՂՀ միջազգային ճանաչման գործունեության պաշտպանության համար երախտապարտության շքանշանով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան