«Առաջադեմ մարդկությունը գնում է ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության գիտակցման ճանապարհով»
Վաղը Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Շուրջ 4 միլիոն բնակիչներ պատասխանելու են հարցին՝ «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է դառնա անկախ պետություն»: Այս առումով վերջին շրջանում շատ է արծարծվում այն հարցը, թե ի՞նչ կտա Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորմանը շոտլանդական հանրաքվեի անցկացման փաստը: Այս, ինչպես նաև ինքնորոշման իրավունքի իրացման հերթական նախադեպի վերաբերյալ panorama.am-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
-Որպես նախադեպ, ի՞նչ կտա Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացումը Արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացին:
-Ամենահիմնականը, ինչ պետք է տա Շոտլանդիայում հանրաքվեի իրականացումը Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորմանը, արդեն տվել է: Դա այն է, որ միջազգային հարաբերություններում այնպիսի կշիռ ու դերակատարում ունեցող երկիր, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը հենց իր պետության սահմաններում: Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում Շոտլանդիայի ինքնորոշման խնդրի վերաբերյալ այդպիսի ընկալումը տասնամյակների էվոլուցիայի արդյունք է: Տասնամյակներ շարունակ պաշտոնական Լոնդոնը կտրականապես դեմ է եղել այս գաղափարին: Այսօր արդեն աշխարհը ականատես է լինում կայացած կարծրատիպերի ջախջախմանը ամենաժողովրդավար միաժամանակ նաև ամենաավանդապաշտ երկրներից մեկում: Լոնդոնը, վերջիվերջո, հանգել է նրան, որ չի կարելի արգելել Շոտլանդիայի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Հատկանշական է նաև ինքնորոշման իրականացման պայմանը: Մասնավորապես, ինքորոշման հանրաքվեն անցկացվում է միայն ինքնորոշվող Շոտլանդիայում, այլ ոչ թե ողջ Մեծ Բրիտանիայում: Քվեարկության մասնակիցները կողմ կամ դեմ պետք է արտահայտվեն Շոտլանդիայի անկախությանը, այլ ոչ թե Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի ինքնորոշման իրականացմանը:
Հստակ է, որ այս առումով մարդկությունը գնում է էվոլուցիոն ճանապարհով, որի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքի անօտարելիությունը ու դրա իրականացման անխուսափելիությունը: Կարծում եմ` սա է այն հիմնականը, ինչ ԼՂ հակամարտության արդարացի կարգավորան գործընթացին կարող է տալ այս հանրաքվեն:
-Եթե փորձենք որոշակի զուգահեռներ անցնել, որո՞նք են Շոտլանդիայի և Արցախի հիմնահարցերի էական տարբերությունները:
-Շոտլանդիայի պարագայում չկա որևէ պիտակավորում: Լոնդոնը Էդինբուրգի վարչակազմին և Շոտլոնդիայի բնակիչներին անջատողականներ չի անվանում, չի իրականացնում տնտեսական, ֆինանսական կամ որևէ այլ ճնշումներ: Էլ չենք խոսում ռազմական ագրեսիայի մասին:
Ինչ վերաբերում է, հանրաքվեի արդյունքներին, ապա դրանք պայմանավորված կլինեն իրողություններով, որոնք Շոտլանդիայի ու Արցախի պարագայում բոլորովին տարբեր են: Դա և՛ ֆինանսական ու սոցիալական իրավիճակն է, և՛ կրոնական համատեղելիությունն է: Ինչպես հայտնի է, շոտլանդացիներին և անգլիացիներին միավորում է միևնույն կրոնական դավանանքը: Կարևոր են նաև մշակութային և պատմական առանձահատկությունները: Արցախի հետ համեմատության պարագայում էական է նաև էթնիկ կազմի տարբերության հարցը:
Որքանով Շոտլանդիայի պարագայում սրանք կգերակայեն անկախ պետություն ունենալու ցանկությանը, կիմանանք վաղը: