Թուրքիան «Kasırga Т-300» համազարկային կրակի հրթիռային համակարգեր է առաքում Ադրբեջանին. ռազմական փորձագետի կարծիքը
Թուրքական Roketsan ընկերությունը սկսել է «Kasırga Т-300» համազարկային կրակի հրթիռային համակարգերի (ՀԿՌՀ) մեծ խմբաքանակի` դեպի Ադրբեջան առաքման գործընթացը: Այս մասին թուրք լրագրողներին ասել է ընկերության գործադիր տնօրեն Էյուփ Կապտանը և հավելել, որ ՀԿՌՀ կայանների առաքումը Ադրբեջանին կտևի մեկ տարի:
Ըստ աղբյուրի, «Kasırga Т-300» կայանքի մարտագլխիկներն ավելի մեծ տրամաչափ ունեն, քան տարածաշրջանում մյուս նմանատիպ ուղղվածության համակարգերը: Նույնիսկ իր տեխնիկական բնութագրական տվյալների համաձայն «Kasırga Т-300»-ը ավելի հզոր է քան ռուսական «Սմերչ» համակարգերը:
Նշենք, որ «Kasırga Т-300»-ը նախատեսված է հակառակորդի թիկունքում տեղակայված թիրախային հարվածներ հասցնելու, ինչպես նաև ռազմաբազաներիը, զորամիավորումների տեղակայման վայրերը, տրանսպորտային կապը, վարչական և արդյունաբերական օբյեկտները ոչնչացնելու համար: Փորձարկման արդյունքները ցույց են տալիս, որ 5-10 կայաններից 20-40 մարտագլխիկների կրակ արձակելու դեպքում ի վիճակի են ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը մեկ կիլոմետր շառավղով:
Այս կապակցությամբ «Panorama.am»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց, որ «թուրք-ադրբեջանական ռազմական, ռազմաստրատեգիական համագործակցության շրջանակներում Թուրքիան Ադրբեջանին խոստացել էր, որ ամեն ինչ կանի ադրբեջանական բանակի վերազինման հարցում: Այսինքն մենք նմանատիպ լուրերին պետք է պատրաստ լինենք»:
«Kasırga Т-300»-ի տարածաշրջանում հզորը լինելու, ինչպես նաև «Սմերչ» համակարգերին գերազանցելու վերաբերյալ Պետրոսյանցը նշեց, որ այն ավելի հեռահար չէ քան «Սմերչը» և երկու համակարգերի մարտագլխիկները ունեն նույն տրամաչափը` 300մմ.:
««Kasırga Т-300»-ը «Սմերչի» հեռահարությունը չունի, ավելի շատ դրանք նման են «Գրադ» կայաններին: Մոտավորապես 40-50 կմ. հեռավորության կայանքներն են, որոնք նախատեսված են մարտավարական խորության համար»,- նշեց նա և հավելեց, որ սա խնդիր է, քանի որ Ադրբեջանը իր ռեակտիվ հրետանային բազան մեծացնում է:
«Մենք պետք է մտածենք, թե ինչպիսի հակաքայլեր իրականացնենք: Համենայնդեպս այսօրվա մեր ունեցած հակամիջոցներով, մենք նմանատիպ բոլոր կայանքները ի վիճակի ենք շարքից հանելու, այսինքն` մեր ունեցած միջոցներով հնարավորություն ունենք թույլ չտալու դրանք արդյունավետ օգտագործեն մարտի դաշտում»,- նշեց փորձագետը:
«Ցանկացած տիպի ՀԿՌՀ կայաններ ճշգրտություն չունեն. նախատեսված են կենդանի ուժի կուտակումների վրա հարվածներ հասցնելու համար: Իսկ թե ինչ շառավղում է խոցում, մեծապես պայմանավորված է նրանով, թե կոնկրտետ որտեղ կպայթի արկը, քանի որ այն հարվածելու է 10 հեկտարանոց քառակուսու ցանկացած կետի: Այսինքն` շեղումը չափից դուրս մեծ է: Իսկ «Սմերչի» տեխնիկական բնութագրի համաձայն, մեկ կայանքը խոցում է մինչև 60 հեկտար տարածքում ամեն ինչ»,- ընդգծեց Պետրոսյանցը:
Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի (ԵՍՍՊ) քվոտաների խախտումների տեսանկյունից Պետրոսյանցը նշեց, որ Ադրբեջանը վաղուց մի քանի անգամ գերազանցել է դրանք. «Իսկ եթե սա էլ գումարում ենք, թվերը բազմապատկվում են»:
«Այս ՀԿՌՀ կայանները ոչ ընտրողական խոցման զենքեր են համարվում, որոնց գործածությունը ու այդ քանակությամբ ձեռքբերումը միջազգային մարդասիրական կոնվենցիայի նորմերի խախտում է համարվում»,- նշեց նա: